Այս էջը հաստատված է

մրցանակը որոշվելեն հետո ոչ մի արգելք չի կարող լինել, որ ծանոթ գումարին վրա մաս մը ևս ավելցվի և վճարվի մրցանակը շահող արվեստագետին։

Ամեն ոք կարող է իր ուզածին պես մտածել, ես անձնապես ենթարկվելով իմ ազատ դատողություններուս, միանգամայն կհրաժարվիմ ընտրվածներու ցանկեն (եթե, իհարկե, ստույգ է լրագրական տեղեկությունը) և կմտնեմ կամավոր մրցակիցներու շարքին մեջ և անոնց նման ծրագրիս առավելություններեն միայն կսպասեմ արժանավոր վարձատրություն։

Թ. Թորամանյան

84․ ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

1910, 27 սեպտեմբերի

Մեծարգո բարեկամ պ. Ա. Չոպանյան,

Չափազանց ուրախացա Ձեր ապաքինման լուրը կարդալով, կմաղթեմ կատարյալ առողջություն և հառաջիկային գործերուդ հաջողություն։

Ես ինքս սիրով հանձն կառնեի Ալեքսանդրապոլի գործակալությունը1, բայց տարաբախտաբար այս ձմեռը Էջմիածին պիտի անցնեմ, ուր պիտի ջանամ տեղին վրա Զվարթնոցի և անոր պատճեն Անիի Գագկաշեն ս․ Գրիգորի լիակատար ուսումնասիրությունը պատրաստել՝ գարնան հրատարակության տալու համար։ Սակայն կխոստանամ ի մոտս Ալեքսանդրապոլ գնալուս, ուր կմնամ մեկ երկու շաբաթ, մի պատվավոր և վստահելի գործակալ գտնել Ձեզ։

Շատ պարզ հասկանալի է, թե Ձեր հիվանդությունը որչա՞փ նյութական անձկություն պատճառած է Ձեզ, հետևաբար իմ հոդվածիս2 հրատարակության համար պատկերներու տպագրության ծախքը անպատճառ զգալի նեղություն պիտի պատճառե, ուստի կմտածեմ, որ քիչ մը թեթևացնեմ Ձեր այդ նեղությունը, եթե իհարկե կարելի կըլլա իմ առաջարկած կերպովս։

Հոդվածիս մի քանի կետերը ինձ համար մեծ նշանակություն ունեն և բոլորովին նոր հայտնություններ են, կուզեմ, որ առանց այլևս հիննալու շուտով հրապարակ գան, քանի դեռ ուրիշները չեն շահագործած նույն կարծիքներս։

Ալեքսանդրապոլցի մի համեստ դասակարգի մարդ ալ կա, որ մի փոքր հրատարակության համար ըլլալիք ծախքը հանձնառու