Այս էջը հաստատված է

Ասկից քանի մը տարի առաջ ապավինած անհողդողդ և անձանձիր աշխատասիրությանս ես ալ կհավատայի, որ շատ մեծ գործեր գլուխ հանելու կոչված եմ. սակայն հակառակ Ձեզ նման ազնիվ ցանկությամբ լեցված սրտերու բարեմաղթության, այսօր խորապես կզգամ, որ այսուհետև զուր հույսերով մարդիկ պիտի խաբեն ինքզինքնին իմ անվանս շուրջը, վասնզի զիս հուսախաբ ընող ընկերականության անապատը շուտով պիտի հիասթափեցնե ջերմաջերմ ակնկալություններ ունեցողները, գուցե սև նախատինք մ'ալ դրոշմելով արյունաներկ ճակատիս վրա։

Ի՞նչ կարող է ընել այլևս հոգնած ու ինկած, հուսահատ ու լքված մարդ մը, ի՞նչ օգուտ ունին իմ անհողդողդ կամքս ու անձանձիր աշխատասիրությունս, երբ ձեռքերս ու ոտքերս կապված, անդամալույծի մը նման ինկեր եմ այս քաղաքի անկյունը ուշադրութենե ու գործնական համակրանքե զուրկ։ Եթե բախտը բերավ, որ մենք Անիի մեջ միմյանց պատահեցանք և փոխադարձ սրտի անկեղծ ցանկությամբ զիրար վայելեցինք, այդ պարտական ենք Միքաել վարդապետին, որնոր դեպի իմ անձս ունեցած անսահման համակրությամբ տասը տարիե ի վեր նյութապես ու բարոյապես տրամադրված է իմ գործիս հաջողության նպաստելու։ Եվ ահա այս միակ պատճառով է, որ իմ գործունեության գլխավոր ասպարեզը սահմանափակվեցավ միմիայն Անիի և իր անմիջական շրջանին մեջ։ Իսկ անկից հեռու Ձեր իսկ տեսած ու վայելած պատմագիտական անթիվ գանձերեն ես ընդմիշտ զուրկ մնացի ու կմնամ: Անշուշտ շատ պիտի զարմանաք, եթե ըսեմ, որ Ալեքսանդրապոլի այնքան մոտիկ Հառիճի և Արդիկի վանքերուն վրա պատմական լիուլի ծանոթություններ ունենալովս հանդերձ՝ դեռ չեմ կարողացած տեսնել զանոնք, միմիայն նյութական միջոցներու մշտապես դժբախտ դրության պատճառավ։ Հառիճեն շատ ավելի մոտ, հազիվ քաղաքես 6—7 վերստ հեռավորություն ունեցող Մարմաշենի հոյակապ վանքերը հազիվ կարողացեր եմ փոքրիշատե ուսումնասիրել, այն ալ հաճախ, գործիքներս շալկած ոտքով ճանապարհորդելով։

Ահա այս անվարձ աշխատավորի անմխիթար դրությանս մեջ ես ալ համոզված եմ, որ երջանիկ եմ ժողովրդական առակով պատմված այն երջանիկ մարդուն պես, որնոր կռնակը շապիկ չէ ունեցեր։ Ի՞նչ կասկած կա, որ Ձեզ հետ համամիտ պիտի ըլլամ իմ երջանկությանս մասին, երբ հասարակաց կարծիքը կվճռե շապիկ չունեցողին անհերքելի երջանկությունը։