ինձ անախորժ լինեն և կարենամ ինձ հետ խոսողներուն լռել տալ, այնուամենայնիվ անկարող եմ ինձմե հեռու խոսածներուն չափ ու սահման դնել։ Իհարկե, Դուք կասկած չեք կարող ունենալ իմ անկեղծության և բարյացակամության նկատմամբ, ուստի հիմնված իմ սրտի անկեղծության վրա պիտի ըսեմ, որ շատ սխալ քայլ արիք՝ առանց խմբագրատուն մտնելու և լարված կիրքերը չեզոքացնելու մեկնեցաք Ալեքսանդրապոլ։ Կարող էիք 5—6 ժամ ուշանալ և ամեն թյուրիմացություն պարզել ու հետո մեկնել: Ինչևիցե, եղածը եղած է։ Սակայն ես խորհուրդ պիտի տամ Ձեզ, որ առանց ուշանալու վերադառնաք, կանգնեք մեջտեղը և թույլ չի տաք, որ մեծ ծավալ ստանա Ձեր երկար տարիներու մեջ ստեղծած պատվին և անվան մասին արատավոր զրույցները։ Ես չեմ կասկածեր, որ իրավունքը Ձեր կողմն է․ սակայն ինչպես կըսե առածը՝ թափածը ամբողջ ժողվել անհնար է։ Ես այստեղ նյութականը երբեք ի նկատի չունիմ, բարոյական կորուստը Ձեզ թող պարտավորեցնե, որ անմիջապես ախոյան կանգնիք Ձեզ սպառնացող տգեղ հոսանքներու դեմ։ Դուք գիտեք, ես պարզ խորհուրդ կուտամ իմ տեսած ու լսածներես դատելով, եթե Դուք ինքզինքնիդ ավելի գործնական հիման վրա ապահով զգում եք, վարվեցեք այնպես, ինչպես Ձեր սիրտը կուզե․ ես պարտք մը կատարած լինելու անկեղծ հավատքով միայն գրեցի այս քանի մը խոսքերը։ Ինչպես կըսեն պատառ մը աղուհացը զիս հանգիստ չի թողեց։
Իմ գործի տեսակետով միանգամայն անհոգ եղեք. այդ արդեն ինձ համար նշանակությունը կորուց և դադարեցավ շահեկան լինելե։ Շատ հավանական է, որ վաղը կամ մի օր ես ալ հեռանամ այս տեղեն, առանց ետևս իսկ նայելու, միայն ավելորդ լինելով պիտի խնդրեմ, որ շատ զգույշ լինիք այդտեղ իմ դրության և ձեռնարկներու մասին տարաձայնություններ գոյացնելե։ Շատ ցավ պիտի զգամ, եթե ոևէ բան լսեմ վերադարձիս. գուցե զարմանաք այս ըսածիս վրա, բայց իհարկե ունիմ որոշ հիմք այս բանի նկատմամբ, որ Ձեզ տեսնելուս կպատմեմ ու Ձեզ ալ կզարմացնեմ։
Ես տեղափոխվեր եմ հյուրատուն և կմնամ մինչև մեկնելս. Դուք կարող եք ուղիղ Ձեր անկողինը գնալ։ Գուցե մեր գնացքները իրար հանդիպին ու զիրար չի տեսնենք, ուրեմն ցտեսություն։
Հ. Գ. Այսօր ևեթ կգնամ Լալայանցին և կկատարեմ Ձեր հանձնարարությունը։ Այնուամենայնիվ ինձ կթվի, թե Ձեր շուտ դառնալը անհրաժեշտ է։