Այս էջը հաստատված է

122. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1914, 7 հունվարի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ տեր,

Ստացա Ձեր նամակը և չափազանց ուրախ եղա, որ Ձեզ հետաքրքրեցին ղրկածս լուսանկարները։ Այդ ամենը իմ բացարձակ սեփականություններս են, իմ ձեռքովս լուսանկարված, և իմ ապագա հրատարակությանս համար սահմանված, միայն թույլ եմ տվեր մի ուրիշին1 հրատարակելու ուրարտական պատերու նկարները հետևյալ դժբախտ պատճառավ, որ հաճախ պատահում է ինձ հետ։ Ես գիտնալով կամ լսելով անոնց գոյության մասին նյութական հնարավորություն չեմ ունեցեր գնալ լուսանկարելու, ուստի ուրիշներ հանձն առեր են ծախսել մի անգամով օգտվելու համար։ Այսպես եղեր է այս տարի միայն Հոռոմ գյուղի նկատմամբ, ինչպես ուրիշ տարիներ Ղափըլուի2 և Տիրաքլարի3 նկատմամբ։ Ասոնցմե դուրս մնացած բոլոր ունեցածներս իմս են և Ձեր տրամադրության տակ դրված՝ իբրև Ձեր անձնական սեփականությունը, մեծ պատիվ կանեք ինձ, եթե ոևէ կերպով ծառայեցնեք զանոնք ձեր գիտնական նպատակներուն։ Այսուհետև ալ միշտ Ձեր տրամադրության տակ կդնեմ իմ հառաջիկա գործունեությանս արդյունքը և պատրաստ եմ բոլոր սրտով կատարել, եթե ունենաք հանձնարարություններ։

Ձեզ ուղարկած պատկերներս իմ անձնական առանձին ճանապարհորդությանս4 արդյունքն են, բոլորովին անկախ Ստչիգովսկու հետ կատարած ճանապարհորդութենես5, ուստի թյուրիմացություններե խուսափելու համար Ձեզ չուղարկեցի Ստչիգովսկու ճանապարհորդության ժամանակի լուսանկարներս, նույնպես նաև ոչ մի օրինակ անոր չեմ ուղարկած Ձեզ ուղարկածս լուսանկարներեն, ուստի կարող եք վստահ լինել, որ ոչ մի տեղ անոնք լույս չեն տեսնելու, իսկ եթե Դուք կբարեհաճիք զանոնք օգտակար դարձնել՝ ինձ մեծ պատիվ կհամարիմ։