Այս էջը հաստատված է

միայն փայտ տվեց, որով հազիվ թե հնարավոր լինի առաստաղն ու հատակը ծածկել։ Դռան և պատուհաններու համար ոչ ատաղձ կա և ոչ էլ ուրիշ պիտույքներ2։ Նյութերու փոխադրությունը և վարպետներու ղրկելը լուրջ դժվարություններու հետ է կապված․ նախ ուզում են լիակատար հացի ապահովություն, երկրորդ՝ ավելի կարևորը կյանքի ապահովություն: Առանց նախապես զինվորական լուրջ ապահովության ոչ ոք չպիտի համարձակի գնալ, որովհետև ճանապարհներու վրա թալան և կողոպուտ հաճախադեպ լինելեն զատ Անիի հարևան թուրքերը լուրջ վտանգ են այստեղ մնացողներուն: Չեն քաշվում հայտարարելու, որ Անին իրենցն է և ոչ մի գնով չեն զիջելու ուրիշին։ Նախ զինված դիմավորելով Անի գնացող օտարականներին, հրամայում են, որ առանց զենքի գան այն կողմերը, պարզապես իբրև իրենց սեփական տանը, օրենքներ են թելադրում։ Պարզ է, որ քանի պայմանները այդպես են, ոչ ոք չի համարձակվիր գնալու։

Որպեսզի թե՛ ես և թե՛ Անին չի զրկվինք Եսայիի և Կարապետի նման փորձված ծառայողներե, մինչև այսօր շատ դժվարությամբ համոզեր եմ, որ ուրիշ գործի չի հետամտին, շուտվ մեզ մոտ պաշտոն կստանան։ Այժմ նրանց էլ բանը դժվարացեր է․ ամերիկացիք քաղաքի մեջ բնակող գաղթականներին հաց չեն տալիս. ապրուստի մասին նեղն ինկած են. եթե շուտով կարգադրություն չի լինի, նրանը էլ ստիպված պիտի լինին հեռանալ և իրենց գլխի ճարը տեսնել։

Այժմ մնում է ամեն ինչ Ձեր կարգադրության։ Եթե կուգաք շատ շուտով նյութական և ֆիզիկական ապահովություններով, կարելի է դեռ մի բան անել թերևս, եթե քիչ էլ ուշանա, այլևս ոչ ոք չի մոտենալու գործին։

Ձեզ մի խնդիր ունեմ։

Ստրչիգովսկու իմ նյութերով հրատարակած երկհատոր գրքից մեկ օրինակ արտասահմանում հանձնել են պ․ Վահան Փափազյանին, որ բերե ինձ տա։ Բայց չգիտեմ ինչու մինչև այսօր այդ պարոնը լուռ է այդ մասին։ Անցյալներս պ․ Լևոն Լիսիցյանին խնդրեցի նույն բանը. խոստացավ կատարել, բայց մինչև այսօր չի վերադարձել կամ անցել է առանց զիս տեսնելու. ուստի, խնդրում եմ Ձեզ, որ մի կերպ տեսնեք այդ մարդուն և գիրքը ստանալով կամ հետերնիդ բերեք և կամ հավատարիմ մեկու մը հետ ուղարկեք։

Մնամ հարգանքներով՝ Թ. Թորամանյան