Այս էջը հաստատված է

Աղջաղալայից դեպի Ղզնավուղ ընկերացավ ինձ գյուղխորհրդի քարտուղարը և ցույց տվեց գերեզմանների բացված տեղերը։ Հակառակ նախապես ստացված տեղեկության, ոչ թե գյուղի սահմանին վրա են այդ գերեզմանները, այլ ուղղակի գյուղի հարավային կողմին կից մի մեծ բլուրի մոտը։ Բլուրը ավելի ուշագրավ հնագիտական արժեքով ներկայացավ ինձ քան գտնված գերեզմանները։

Ղըզնավուզ գյուղը հիմնված է դաշտային մասի վրա, որուն հյուսիսային արևմտյան կողմից անմիջապես սկսում են խճուտ և ավազուտ անբերրի լանջեր՝ տեղ-տեղ մեծ ու փոքր հսկայական որձաքարի կույտերով և ապառաժուտ բլուրներով։ Գյուղին հարավային կողմին անմիջապես կից բարձրանում է մի մեծ ապառաժուտ բլուր։ Այս բլուրը շատ հին ժամանակ անպայման եղած է ցեղապետական մի փոքր ամրոց կամ դղյակ, շրջապատված է հսկայական քարերով անշաղախ կազմված երկու կարգ 2 ½ մեթր բարձրությամբ պարիսպով։ Պարիսպին մեկը բլուրի ստորոտը բոլորվում է և մուտքի տեղը որոշ չէ։ Երկրորդ պարիսպը շրջապատում է գագաթը, որուն մեջ մնացած միջավայրը բաժանված է զանազան պատերով, որոնք եղել են անշուշտ բնակության հատուկ սենյակներ և հարամասունքներ։ Վերևի պարիսպի մուտքը հայտնի է, հարավ արևմտյան կողմին վրա, ստորոտից մինչև բլուրի գագաթը թեքված և երկու կողմին վրա հաստ պատերով պաշտպանված ճանապարհը։ Որձաքարի զանգվածային քարերով շրջապարիսպներեն տեղ-տեղ տակավին կանգուն են մինչև 2½—3 մեթր բարձրությամբ։

Այս բլուրից մի քանի քայլ հեռավորության վրա կա մի բոլորակ շենքի հիմեր, ճիշտ նման Աղջաղալայում տեսածս փոքր բոլորակներին, այս բոլորակին մոտեն անցնում է մի ճանապարհ՝ դեպի հարավ, ուղիղ գծով, որուն վրա գտնվեր են գերեզմանները։ Իմ առաջվան ստացածս տեղեկության համաձայն բացված էին երկու գերեզման, որոնց միջից հանվել են երեք խեցեղեն ամանները: Բայց ես տեսա այնտեղ ավելի քան տասը տեղ փորձնական պեղումներ կատարված։ Հավանորեն նախկին երկու գերեզմանները բացվելե հետո, հետաքրքիր գյուղացիք ուզել են նորերը գտնել և օգտվել։ Մի քանիսը՝ երևում է, որ անօգուտ փորել են, իսկ մնացածները, եթե շատ փորել են՝ ինչպես լիքը եղած գերեզմանները, հողը կրկին լեցրել են մեջը, որով հայտնի չէ թե ի՞նչ ձև ունեին և ինչ ժամանակի կարող էին լինել։ Այս քննությունը կատարելուց հետո մտա գյուղ, սակայն փորողներից ոչ ոքին չի գտա՝ մանրամասն