168. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻՆ
Էջմիածին
ՀՍԽՀ Հնությանց պահպանության կոմիտեի1
- նախագահին,
Մամոնտի ժանիքի մասին Ձեր հարցին շտապում եմ պատասխանել։ Ներկա տարվա սեպտեմբերի 5-ին, հնագիտական ճանապարհորդությանս ժամանակ, երբ հասա Լենինական, դիմեցի գավգործկոմի նախագահ ընկ. Եսայանին պաշտոնական հանձնարարական խնդրելու՝ իր շրջանում կատարելիք ճանապարհորդությանս ժամանակ տեղական իշխանություններից դյուրություն ու աջակցություն գտնելու համար: Սիրով և շտապով կատարեց խնդիրս: Միևնույն ժամանակ ցույց տվեց ինձ մի բրածոյի կտոր, որուն ինչ լինելուն մասին անորոշ կարծիք ուներ ինք: Ես ճանաչեցի և հայտնեցի, որ նույն բրածոն մի մամոնտի ժանիքի կտորն էր և երրորդ օրինակն էր այս վերջինը՝ Լենինականի շրջանում գտնվածների (նախորդ երկու օրինակները գտել էր հանգուցյալ Հակոբ Կարանյանցը, որոնց մասերը գտնվում են այժմ Պետական թանգարանում),2: Իհարկե ինքս խիստ հետաքրքրված հարցրի ընկեր Եսայանից, թե ո՞ր գյուղում և որ կետում գտնվել էր այս կտորը և ի՞նչ միջոցներ ձեռք առնված են սույն հետաքրքրական առարկայի պահպանության համար: Ընկ. Եսայանը պատասխանեց, որ բրածոյի բեկորը բերողը իրենց հայտնի է, սակայն տեղը ինքն էլ չգիտե, որովհետև բերողը չէ ուզեցել հայտնել, միայն նյութական աջակցություն է խնդրել ամբողջ բրածոն անվնաս հանել ու փոխադրելու համար: Այժմ ինձ մնում էր դիտողություն անել որ խոհեմություն չի լինիր անփորձ մարդոց ձեռքով բրածոներ հանելու փափուկ և խիստ զգուշություն պահանջող գործը, ուստի խորհուրդ տվի, որ անպայման նախապես իմանան իսկական տեղը և հսկողության ներքև առնեն, իսկ եթե բեկորը բերողը չուզենա հայտնել, պետք է դիմել օրինական միջոցների և պարտավորեցնել ցույց տալ տեղը: Իսկ բրածոն հանելու համար պետք է հայտնել պատշաճավոր հիմնարկության։
Ես բաժանվեցի ընկ. Եսայանից վստահ լինելով, որ անմիջական միջոցներ ձեռք կառնե բրածոյի պահպանության համար և տեղեկություն կտա հարկ եղած տեղը։