Այս էջը հաստատված է

կստանաք տասն և ինը հատ պլանները և գծագրություններ. որոնք իբրև սևագրություն խնամքով չափագրված են: Մնացածները ևս շատ շուտով կաշխատեմ ղրկել: Շատ եմ խնդրում, եթե հնար է, ընդօրինակելով Ամբերդի Դղըրի5 հատակագծերը, բնագիրները ինձ վերադարձրեք: Նույնը պետք է խնդրեմ նաև, որ հառաջիկային արտագրել տաք Բյուրականը6, Ախիսը և Գոշը: Այս հուշարձաններին համար որոշել եմ մի փոքր ուսումնասիրություն գրել, որովհետև այս հուշարձանների մեջ խիստ կարևոր կտորներ կան ուսումնասիրության համար թե՛ ժամանակագրական և ⟨թե՛⟩ գեղարվեստական տեսակետով:

Կինս պետք է որ ստանա իմ կենսաթոշակը և ռոճիկը, խնդրում եմ օգնեք իրեն, որ անպատճառ վերադառնա մի օրում, որովհետև բացի իմ աչքիս հիվանդությանը, 3-4 օր է, որ տղաս՝ Գառնիկը, ևս հիվանդ է և կինս մեր միակ խնամակալն է:

Երեք ամիս կամ քիչ ավելի առաջ Վաղարշապատի այգիներե մոտ, մեր սահմանում այգետերերը նոր այգիներ կամ պարտեզներ ուզում էին գցել, և սկսել էին պատերը շինել։ Իմանալուս պես անմիջպես արգելեցի, այժմ այդ մասին մի գանգատագիր են գրած Կոմիտեի7 անունով և առարկում են, որ իբր թե այստեղի հողբաժինը իբրև նաֆարապատկան հող չափել է։ Այս հայտարարության մեջ ես մի քիչ կեղծիք եմ նկատում, սակայն ինչ որ ալ լինի՝ դարձյալ պիտի կրկնեմ, որ մեզ համար անհրաժեշտ է ունենալ Զվարթնոցի սահմանների քարտեսը։ Ես կդիմեի տեղական հողբաժնի վարչության, սակայն վախենում եմ, որ ինձնից այդ սահմանները պահանջեն պաշտոնապես հաստատված: Թեև այն տեղերը, որ այս այգետերերը ուզում են տիրանալ, մի մեծ կարևորություն ունեցող հողամաս չէ, սակայն այնպիսի չար օրինակ կլինի, որ այլևս հանգիստ չենք ունենար այս տեսակ պահանջկոտ մարդկանց ձեռքը։ Խնդիրը առայժմ ստացեք, սակայն մինչև խնդրատուներին պատասխանելը՝ աշխատեցեք հողժողկոմից պաշտոնական հաստատված քարտեսը ձեռք բերել։ Միևնույն ժամանակ աշխատեցեք Հովհաննավանքի, Ուշիի, Կարբիի և այլ տեղերի մեջ Կոմիտեի հատկացված հողամասերի համար պաշտոնական հաստատություն ձեռք բերել, որու մասին արդեն խոստացել եք:

Հարգանքներս տվեք Ալ<եկսանդր> Իվանիչին. չափազանց խնդրում եմ ներողամիտ լինել ինձ համար, որ այսպես ակամա բանթողության եմ մատնված:

Մնամ հարգանքներով՝