205. ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ
Էջմիածին
Հարգելի բարեկամ ընկ. Ս. Լիսիցյան,
Ներողություն եմ խնդրում, որ Ձեր բազմազբաղ թանկ րոպեները պիտի խլեմ իմ, գուցե մի քիչ երկար նամակով, բայց որովհետև ամենևին կասկած չունիմ Ձեր բարեկամական անկեղծության և մասնավորապես իմ բազմամյա չարատանջ աշխատանքներիս մասին Ձեր անկեղծ գնահատության վրա, թույլ եմ տալիս ինձ այս նեղությունը տալ Ձեզ: Դուք ոչ միայն եղել եք բարեկամ իմ աշխատանքներիս, այլև խրախուսող ու քաջալերող իմ դառն և հուսահատ օրերիս մեջ։ Անպայման Ձեր ազնիվ զգացումներն էին, որ փոխանցված էին երջանկահիշատակ Լևոնին, որ ոչ միայն հյուրասիրեց ինձ Վիեննայում, այլև ամեն ճիգ թափեց, որպեսզի բազմամյա աշխատությունս եվրոպական գիտնականների սեղան բարձրանա՝ հրատարակությամբ1։ Մի՞թե հարկ է ասել, որ նա հանձնարարելով իմ աշխատանքներս գիտնականներին՝ բնավ չէր սխալված, ինքզինք հպարտ էր զգում՝ գիտության համար իր կատարած դերով։ Իսկ ես կարմրելու ոչ մի առիթ չունեի, որովհետև աշխատանքս մեծապես գնահատվեցավ, որուն հետևանքը եղավ Հ. Ստրչիգովսկիի հետ մեր պայմանը՝ հրատարակության մասին2։ Դժբախտ տարիներ3 իմ ճակատագիրը փոխեցին և փոխանակ այդ բազմաչարչար աշխատությունովս գեթ բարոյապես վարձատրվելու, ամենադժբախտ վիճակի հասա. նույնիսկ գիտնականներ, որոնց վրա ամենամեծ վստահությունը ունեցա, նրանք իսկ չի խնայեցին4 ինձ և սև արին թե' իմ և թե' 15—20 տարվա աշխատությանս ճակատագիրը։
Այս նամակիս առիթ տվեց ընկ. Սենեքերիմի տված տեղեկությունը, թե Հ. Ստրչիգովսկի Ձեզ նամակ է գրել և հարցրել, թե արդյո՞ք, ես ստացե՞լ եմ Վիեննայից իմ աշխատություններս։ Ինչպես շատ անգամներ, այս անգամ ևս շատ տարօրինակ կգտնեմ հարգելի պրոֆեսորի վարմունքը. նրա իրավունքը և պարտականությունն էր ուղղակի ինձ հարցնելու և ոչ թե Ձեզի, կարծեմ այս էր օրինական ճանապարհը։ Դուք կարող էիք այդ մասին լրիվ տեղեկություն չունենալ և կարծեմ թե ոչ մի օր առիթ չէ եղած սրտիս դառն կսկիծը Ձեզ հայտնելու և գանգատվելու։ Սակայն ոչ ոքի չի գանգատվելով և ինձ եղած ահռելի վնասը չի հայտնելով, իմ կսկիծը