Այս էջը հաստատված է

հատոր էր կազմում։ Ես այդ աշխատության համար հատուկ մի գրագիր էի վարձել, որ նստում էր ինձ վրա առնվազն 30 ռուբլի, այնինչ վարձելու վրա էի նաև մի օգնական գծագրիչ, հանկարծ մարտի 17-ին ռոճիկս կտրվեց14, որով ես ստիպված եղա թե գրագիրս ճամփել և թե այդ մասին արած ծախքերս կրճատել։ Ինչ կարող էի անել։ Անսպասելի էր ինձ համար Լուսժողկոմատի այդ վարմունքը, որովհետև միշտ հույսեր տվել էր ինձ և պատրաստակամություն հայտնել ինձ աջակցելու, սակայն ինչպես կերևի, ոմանց իմ մասին կազմած համոզումը՝ թե ես այժմ մի ինվալիտ եմ, ազդել է Լուսժողկոմատի վրա և ավելորդ համարել իմ աշխատանքս կամ աշխատելու տրամադրություններս։ Թող այդպես լինի, ես դարձյալ կհամբերեմ, ինչպես համբերեցի 25 տարի մեծամեծ զրկանքների դիմանալով։ Համբերությունը և պարագաներին գլուխ ծռելը իմ հատկանիշն է։ Ես հավատացած եմ, որ եթե մի քանի տարի ևս կյանք ունենամ, թեկուզ անհնարին զրկանքների մեջ, այսօր ինձ ինվալիտ համարողներ իրենք պիտի համեմատության դնեն իմ և իրենց տված արդյունքները հանուն գիտության, հանուն հասարակության և վերջապես հանուն համաշխարհային մարդկության:

Չափազանց ներողություն եմ խնդրում որ նամակովս Ձեզ մի քիչ գլխացավանք եմ պատճառում, խիստ հուզված և հին ցավերս միանգամայն վերանորոգված գրեցի, ինչ որ մտքիցս անցավ և գրչիս տակ ինչ ընկավ։

Մնամ խորին հարգանոք՝

Թ. Թորամանյան

206․ ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

1929, 17 ապրիլի
Էջմիածին

Մեծ<հարգո> ընկ<եր> Աշխարհբեկ,

Արմավիրի հունարեն արձանագրության1 ծածկույթի համար Ալ<եքսանդր> Իվանիչի հանձնարարությամբ կանչեցի անցյալ տարվա վարպետին, որպեսզի պատրաստե համապատասխան փայտեր, սակայն Ձեզ մոտ մնաց իմ անցյալ տարվա շինածս էսկիզը, որուն վրա են իսկական չափերը։ Ուստի առանց ժամանակ կորցնելու այդ էսկիզները ուղարկեք, որպեսզի շուտով վերջանա այդ