210. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ
Վիեննա
Մեծապատիվ պր. Թ. Թորամանյան,
Սիրելի բարեկամ,
Նամակիս գիտեմ երկար սպասեցիք: Չուզեցի գրել առանց գործնական ապացույցի։ Ես խոստացած էի Ձեզ հոգալ՝ Ձեր համար մի օրինակ J. Strzygowski Thoramanian Die Baukunst der Armenier und Europa1, որուն համար Դուք ինձ ընձեռած էիք 60 ռուբլի2: Վերադարձես հետո այստեղ այդ գրքի գինը շատ փոխված գտա։ Հրապարակի վրա մնացած է 2—3 օրինակ միայն և այս պատճառավ գնահատված է 60 դոլար։ Փորձեցի անհատականներու քով գնել 60 ռուբլիի փոխարեն, բայց ոչ ոք չուզեց հեռացնել իր քովեն այս շատ հարգված գիրքը։ Իմ սրտին շատ ցավ պատճառեց, որ այսպես դժվարություններու բախեցավ Ձեր անչափ փափագին իրականացումը։ Բայց և այնպես ուզեցի ես շնորհել բավականություն իմ շատ սիրելի բարեկամիս բազմամյա տենչին իմ անձնական տուգանքով կուգամ հրճվանք պատճառել Ձեզ։ Ձեր սրտի գոհունակությունը ինձ համար հազար կարժե։ Այսօր կհանձնեմ թղթատարի երկու ծրարով սույն աշխատությունը՝ Ձեր ինձ ցույց տված հասցեով։ Կմաղթեմ անոր բարյավ ժամանում։ Վստահ եմ, թե Էջմիածնի Մատենադարան-թանգարանը հասնելուն պես կհայտնե Ձեզ։