215. ԱՐՇԱՎԻՐ ԿԱՐԻՆՅԱՆԻՆ
Երևան
Մեծարգո Արշավիր Կարինյանին
Իմ սիրելի սանիկ,
Մոտավորապես երեք շաբաթ առաջ մի նամակ տվեր էի փոստը՝ Ձեր հասցեին։ Իմ նամակը ղրկելուց հետո ստացա Ձեր սիրուն շնորհավորական նամակը։ Չափազանց շնորհակալ եմ, որ ամեն առիթի զիս չեք մոռանում թե՛ շնորհավորականներով և թե՛ գիտական այլ հրատարակություններով։
Ինչպես նախորդ նամակավս գրել եմ, նույնը պիտի կրկնեմ այստեղ ևս, որ ինձ ներողամիտ լինիք մշտապես նամակ չի գրելուս համար։ Բավական չէ, որ արդեն ծերացած յոթանասունամյա հասակը մտեր եմ, իմ վրա ծանրացեր է նաև մի շնչարգելության հիվանդություն1, որը շատ անգամ տառապեցնում է զիս․ հմուտ բժիշկների հսկողության տակ, իհարկե, ցավերս մեղմացել են, այնուամենայնիվ բոլորովին չեն անհետացել։
Եթե առողջ լինիմ, բնական է, որ հաջողության մեծ ասպարեզներ ևս ունիմ, առանձին պետական համակրանքի և գնահատության արժանացած են աշխատություններս, որու հիման վրա վերջերս պետական «Վաստակավոր գործիչի» վկայականով2 օժտվեցի, (այս գնահատությունը հրատարակված է 1934 թվի «Խորհրդային Հայաստանի»-ի3 հունվար 3-ի լրատուի բաժնում)։