կարծում էր, թե այս ճամփորդական հրատարակությունը իր գործի առաջին մասը պիտի լինի, ուր կմտնեն բոլոր հնագույն նյութերը՝ մինչև Անի։ Իհարկե այդ դեպքում նա կատարելապես իրավունք կունենար պահանջելու, որ իրան սպասեն, մեջ բերելու պայմանագիրը, որի հիման վրա իրան երկու տարի ժամանակ է տրվում՝ արգելելու իր նյութերից որևէ մի բան վերցնելու, որովհետև նա խոսք է տվել ճամփորդական հրատարակության և ոչ թե իր գործի Ա մասի համար են:
Այսպիսի սխալ կարծիքի առիթ էր տվել ինքը Ստրչիգովսկին սեպտեմբերին գրած մի նամակով, որ նա գրում էր, թե ամբողջ գործը պիտի երեք մասի բաժանվի։
1. Հնագույն շրջան, որ կապված կլինի այս ճամփորդության հետ: 2. Անի: 3. Խոջավանք, և հրավիրում էր Թորամանյանին գալու Վինննա և սկսելու նյութերի մշակումը։ Այդ իհարկե մի սխալ էր. Թորամանյանի վերջին նամակից հետո նա ինքն էլ պարզ տեսավ, որ ինքն է առիթ տվել թյուրիմացությանը»։ (Բնագիրը՝ Ստ. Լիսիցյանի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ)։
Հավանաբար Թորամանյանր մասամբ հավատացել է Ստրժիգովսկռւ արդարացումներին և ուղարկել իր խոստացած լուսանկարներից ու չափագրություններից մի քանիսը ևս, սակայն խնդիրը դեռևս լիովին չպարզված' 1914 թվականի կեսին սկսվում է համաշխարհային պատերազմը և մինչև 1925 թվականը նրանց միջև ընդհատվում է փոխհարաբերությունը։
Դեռ պատերազմը չվերջացած, 1918 թվականին Վիեննայում լույս է տեսնում Ստրժիգովսկու հայկական ճարտարապետության մասին երկհատոր ուսումնասիրությունը «Die Baukunst der Armenier und Europa» («Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան») խորագրով։
Այս գրքում իրոք լայնորեն օգտագործվել էին Թորամանյանի այն նյութերը, որոնց հրատարակելու առաջնության իրավունքը իրավամբ պատկանում էր իրեն՝ Թորամանյանին։ Այդ մասին վերոհիշյալ գրքում ասված է. «Թորամանյանի գլխավոր գործունեությունը ուղղված էր հնագույն հիշատակարանների հետազոտմանը, որը բերված է այստեղ ակնառու հերթականությամբ: Մեր ճանապարհորդության ընթացքում նա մեզ ծանոթացրեց իր չափագրած շինությունների հետ։ Այդ չափագրությունները մենք բերում ենք իր (այսինքն Թորամանյանի — Ն. Թ. } համաձայնությամբ՝ ցույց տալով գլխավոր չափերը» (էջ 11)։
Եթե իրոք Թորամանյանը տվել էր իր համաձայնությունը վերոհիշյալ նյութերը Ստրժիգովսկու կողմից միայնակ օգտագործվելու մասին, ապա այդ դեպքում ինչպե՞ս բացատրել Թորամանյանի 1929 թվականին Ստեփան Լիսիցյանին հասցեագրած (տե՛ս նամակ 205) հետևյալ տողերը. «Դժբախտ պատահարներ[1] արգելք եղան իմ հետևյալ տարին Վիեննա գնալուս, ճանապարհները փակված էին, մեծանուն պր. Ստրչիգովսկի այլևս չսպասեց իմ գնալուս և կամ հույսը կտրեց, հակառակ մեր պայմանի, ինքը հրատարակեց երկու հատոր» (ընդգծումները մերն են — Ն. Թ.)։
- ↑ Ակնարկը առաջին համաշխարհային պատերազմի մասին է։