Այս էջը հաստատված է

Մատենադարան

Գրեթե ամբողջությամբ բարբարոսական քմահաճույքի զոհ եղած է հազվագյուտ և թանկագին հատորներով ճոխացած մատենադարանս, որուն կազմության համար նույնպես 16 տարի շարունակ ոչ մի զոհողություն չեմ խնայած։ Պատմական գեղարվեստի և ճարտարապետության վերաբերյալ եվրոպական գիտնականներու հին և նոր ուսումնասիրություններեն ոչ մեկը պակաս չէին մատենադարանիս մեջ, մասնավորապես մեծ տեղ բռնած էին ֆրանսիական հրատարակությունները։

Կարևոր փաստաթղթեր, գիտական թղթակցություններ, տպագրված ու արտագրված հատվածներ

  1. Պատմական գեղարվեստի և ճարտարապետության վերաբերյալ հանդեսներե և օրաթերթերե կտրված հատվածներ և ընդօրինակություններ։
  2. Գիտական և պատմական նյութերու վրա կարևոր թղթակցություններ Վանեն, Մուշեն, Ատանայեն, Թոքատեն, Սեբաստիայեն և Շապին-Գարահիսարեն՝ այն տեղերը գտնված հին հիշատակարաններու նկատմամբ։
  3. Ս. Պետերբուրգ Գիտությանց ճեմարանին և Կայս<երական> հնագիտական մասնաժողովին ղրկածս ամեն տարվա տեղեկագրերուս պատճենները։
  4. Ճարտարապետական վկայականիս Կ. Պոլսո Գեղարվեստից ճեմարանեն ստացված։
  5. Ճարտարապետական վկայականիս վերահաստատությունը Սոֆիայի մեջ, որով ինձ իրավունք տրված էր համայն Պուլկարիո մեջ ազատ գործելու։
  6. Պուլկարիո Վառնա քաղաքի քաղաքապետության կողմանե տրված պատվավոր գործունեությանս նկատմամբ պատվո վկայականս։
  7. Անհատական վկայականներ առանձին-առանձին շենքերու տերերու կողմանե, որոնց համար աշխատել եմ կամ շինություններ ղեկավարել։
  8. Ս․ Պետերբուրգի Գիտությանց և Գեղարվեստից ճեմարաններու միացյալ վկայականներ[1], որ տրվեցան 1908 թվականին, երբ մինչև այն աշխատած գործեր, ղրկած էի գիտական գնահատության համար։ Այս վկայականներս, մասնակի կամ ամբողջովին հրատարակված կան Թիֆլիսի հայերեն և ռուսերեն լրագրաց[2] և Կ․ Պոլսո «Բյուզանդիոնի»[3] մեջ։ Նմանօրինակ վկայություններ կային նաև Վիեննայի համալսարանի կից ինստիտուտի[4] կողմանե, որոնց մեկ մասը նույնպես հրատարակված է տեղական լրագիրներու մեջ։

Երբ ի նկատի առնվի այս ահագին կորուստներուս գիտական և պատմական արժեքը, բնականաբար նյութական ոչ մի արժեք չի կարող փոխարինել անոնց։ Ոչ միայն հայ ժողովրդի ամեն մի դասակարգին, այլև եվրոպական մի քանի բարձրագույն գիտական հաստատություններու հայտնի է նահատակության հասնող անձնազոհություններս և գերմարդկային ջանքերս, սկսած գործս մինչև այս աստիճանի հասցնելս՝ որպիսին հավաքական աշխատակցությամբ մեծամեծ ծախքերով նույնքան ժամանակի մեջ գիտական հիմնարկություններն ալ այնչափ կարող

  1. Տե՛ս 50-րդ նամակի № 3 ծանոթությունը (Ն․ Թ․)։
  2. Տե՛ս 53-րդ նամակի № 2 ծանոթությունը (Ն․ Թ․)։
  3. Տե՛ս 75-րդ նամակի № 6 ծանոթությունը (Ն․ Թ․)։
  4. Խոսքը արվեստի պատմության իստիտուտի մասին է (Ն․ Թ․)։