Այս էջը հաստատված է

3. Անիի և հ<այր> սուրբ Միքայել վարդապետին մասին Ձեր տեղեկություններն իսկույն հասցրի Կայս<երական> հնագիտական հանձնաժողովին և այս պաշտոնական մարմինը իսկույն ևեթ նիստ սարքեց և հեռագիր ղրկեց Կարսի նահանգապետին՝ օգնություն հասցնել մեր հարգելի և քաջասիրտ վարդապետին։

Բացի սրանից, սպասում են՝ պարզ և հաստատ տեղեկություններ պիտի հավաքե Գեղարվեստից ճեմարանի անդամ մատենադարանապետ Բերենշտամը, որ այս րոպեիս Անիում է գտնվում, եթե չեմ սխալվում։

Էլի մի բան. ստացա Անիի հողերի մասին վերին աստիճան խառնաշփոթ հեռագիր, ոչինչ չեմ հասկանում, թեպետ ուղարկող պատասխան է խնդրում։ Ի՞նչ պիտի պատասխանեմ, երբ չգիտեմ և չեմ հասկանում ինչ և մինչև անգամ ով է դիմում։ Հեռագրին մեջ երկու անգամ Գևորգ անուն է գործածված և այնպես, որ չի հասկացվում Գևորգի մասին հեռագրվո՞ւմ թե՞ Գևորգ է հեռագրում. խնդրո՞ւմ է, թե սպառնում։ Իսկ հիմա Ձեզանից խնդրում եմ՝ լավ պաշտոնապես վավերացրած ռուսերեն գրված թուղթ հասցրեք ինձ հ<այր> սուրբի օգնությամբ և նրա կողմից, թե իրա՞վ է, որ Անիի հողերը կապալով տվել2 են և եթե իրավ է, ո՞վ է տվել, ո՞ւմ և ե՞րբ է տվել և ի՞նչ պայմանով։ Անհրաժեշտ հարկավոր է և կարելույն չափ շուտափույթ հասցնելու։

* * *

Ձեր տեղեկատու նամակի այն մասը, որ Գագկաշ<են> եկ<եկեղեցու> վերակազմության և մինչև անգամ Առաքելոց եկեղեցու վերակազմության համար է հաղորդում, որ մինչև դեկտ<եմբերի> վերջը կհասցնեք ինձ (ես չէի սպասում ոչ այդքան առատաձեռնության, ոչ այդչափ շուտ հասնելուն), ստիպեց ինձ Հնագիտական ընկերության մեջ զեկուցում ու կարդալու ժամանակն և պարագայքը փոխել։ Ինքն՝ ընկերության դիվանապետը, դիմեց ինձ խնդիրքով՝ զեկուցումը կարդալ ընդհանուր ժողովում (ոչ արևելյան բաժնում, ինչպես առաջ) և ես համաձայնելով` հետաձգեցի մինչև դեկտ<եմբերի> վերջը։ Շատ ափսոս, որ Պոլտորացկին, որ ներկայումս այստեղ է գտնվում և ողջունում է Ձեզ, չկարողացավ ջահի3 պատկերը գծագրել. հուսալով այս բան ունենալ, ես, ինչպես հիմա տեսնում եմ, զլացել եմ չափել և նկարագրել. ինչպես հարկավոր է մանրամասն, իսկ լուսանկարը թեպետ և հաջողվել է ինձ, չէ կարող «չափովի» պատկերի տեղ բռնել։