Այս ամսո 26-ին կամ առառավելն 27-ին փոշթին կհանձնեմ ս. Գրիգորի5 վերակազմությունը՝ իրեն կարևոր հարամասունքներով. արդեն բլան, ֆասատ և քուբ պատրաստ են. մյուս մասերուն վրա կաշխատիմ։ Միայն թախանձագին պիտի խնդրեմ, որ ներեք ինծի Առաքելոցը միասին չի կրնալ խրկելուս համար, հակառակ խոստմանս ես սևերես մնացի, բայց հավատացեք՝ հնար չունեի. ի լրումն ամենայն դժբախտությանց, աջ ձեռքս և ոտքս սաստիկ ոսկրացավով սկսա տանջվել նոյեմբեր ամիսեն սկսյալ, մանավանդ ձեռքս ու մատներս զիս ուշաթափ անելու աստիճան կտանջե<ն>. վրան քսված դեղերեն վերք ալ բացվեցավ, որոնք ալ ոչ նվազ կտանջեն զիս։ Պ. Պերենշտամ ականատես եղավ ձեռքիս վիճակիս և հետաքրքրվեցավ իսկ, որ այն ատեն տակավին քիչ էր. երթալով ավելի սաստկացավ. և եղան օրեր, որ բնավ ձեռքս գրիչ չի կրցա բռնել. հետևաբար հազիվհազ կրցա այս կարևոր մասերուն հասնել։ Թեև ամեն բան կատարյալ շիներ եմ և պիտի շինեմ, սակայն այն մանրամասնությունները, որոնք ձեռքի ճարպիկության կկարոտեին, չեմ կարողացած պահանջված նրբությունը տալ, որովհետև դեռ մինչև այսօր մատներս չեն ուզել հնազանդիլ ինծի։ Անցյալ տարիներ ալ թեև կար այս ցավը ձեռացս ու ոտացս մեջ, սակայն այս տարի, որ շատ հասկնալի պատճառներով պ. Ալեքսանին նորաշեն տան մեջ կբնակիմ, ակամա, խոնավութենեն ալ ավելի սաստիկ և մշտատև եղավ: Եթե ցուրտերը մի քիչ սաստկանան գուցե դադարի, այս տարի այստեղ հակառակ ուրիշ տարիներու գրեթե լուրջ ցուրտ չեղավ։
Շնորհ բերեք տալ խոնարհ հարգանքներս Ձեր ազն<վուհի> տիկինին6. բարևներս Գևորգին7 և Վալոտիին. նաև մեր ծանոթ նկարիչին8, որ խիստ լավ տպավորություն է թողած իմ վրա յուր համեստ բնավորությամբ։
Թորամանյան