Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/100

Այս էջը հաստատված է

ամեն մեկի գլխից մեկ մեծ մահրամա կապած, ծերը մախսուս բաց թողած ըլի, որ քամու հետ խաղա, ու ամեն մեկը մեկ աժդհի նման էին աչքի առաջը գալիս, էնպես էր քամին նրանց ծոցը մտել, շորերը եդ տարել ու չափ քցելիս, ձիու վրիցը դես ու դեն տանում, ֆռռացնում։ Էն էլ էր լավ պարզ երևում, որ էս էկողներր ո՛չ թվանք ունեին, ո՛չ թուր, ո՛չ ջիրիդ։ Հենց ձիանը բաց էին թողել ու իրար եդևից՝ դարիվեր, դարիդուս իրանց քեֆին քշում։ Տեսնողը մնում էր սառած՝ թե ի՛նչպես են նրանք սիրտ անում՝ էն սուր սարերի ծերիցր դարիվեր էնպես չափ քցում, որ մարդ ոտով էլ չի՛ կարող վազիլ, էնպես դիբ ա էն սարերը32)։ Փոքր ժամանակից հետո բոլորն էլ գյում էլան ու ընկան Դալմեքանց ձորերի, բաղերի մեջը։ Ամենն էլ ուզում էին իմանալ թե էս զարմանալի ճամփորթները ո՞վ պետք է ըլեին։ Կարծեմ, որ մինչև չասեմ, դու էլ չե՛ս իմանալ։ Մեր երկրացոնց աչքը էնպես սուր ա, որ շատ հեռու տեղից՝ ղարալթուն իր շարժմունքիցն են ճանաչում, բայց էս միջոցին՝ հենց բռնի՛ր՝ բոլորի աչքերն էլ կապվել էին։ Ով ա գիտում, բալքի թե շատ էին լաց էլել։

Կես սհաթ[1] չքաշեց՝23) Գյորխանեքանց կողմիցը վեղարների սուր սուր ծերերը ափաշկարա ցույց տվին, որ էն Ուչթափալարի՝ ղոչաղ ձի խաղացողները մեր սուրբ Աթոռից էկող եպիսկոպոս, վարդապետներն էին, որ էսպես հանդիսավոր օրերը միշտ պետք է գային, լավ լավ փեշքաշներ բերեին, որ Երևանի Սարդարի, Խաների խաթրը առնեն, տոնըները շնորհավորեն ու իրանց ծառայությունը ցույց տան, որ նրանց աչքը մեր ազգի ու մեր աշխարքի վրա քաղցր ըլի։ Իրանք էլ՝ ղորդ ա, խալաթ էին ստանում էնպես եդ գնում, ամա մեկին տասը քթըներիցը, ջանըներիցը հանում էին հետո ու շատ անգամ շաբթով, էրկու, իրեք հարիր մարդով գնում Էջմիածին՝ նստում, քեֆ անում, վարդապետներին մզում, քամում, էնպես դուս գալիս։ Ցավն էս ա, որ Սարդարը կամ Հասան-խանը գալիս՝ բոլոր միաբանքը պետք է խաչով, խաչվառով, զանգակ տալով, շարական ասելով, առաջ գնային ու նրանց տուն տանեին։

Քյահլան ձիան ոնց վրա նստած՝ մեր փառահեղ հոգևորականքը, փոքրավոր, տիրացու, թվանքչի՝ եդևներին քցած՝ մեկի ձեռին գավազանը բարձր բռնած՝ մյուսները՝ որը առաջ էր վազում, որ ճամփա բաց անի, տեղ պատրաստի, որը աչքը իր մեծավորի աչքին քցած՝ մտիկ էր անում, որ[2] նա աչքը թերթելիս՝ իսկույն հրամանը կատարի։ Կոնդի, Շհաբի տերտերներն էլ որ տիրացըվերով, խաչով, խաչվառով՝ դուս էին էկել ու սաղ օրը բերդի մոտին չորացել, սպասում էին, որ նրանց առոք, փառոք տուն բերեն, էնքան ահ ու դող էին քաշել անց կենող անհավատների ձեռիցը, որ թուքները բերնըներումը սառել էր։ Ամեն անց կենող մեկ բան էր ասում՝ որը մատներն էր իրար վրա խաչաձև դնում, ափեղցփեղ գլխիցը դուս տալիս, բերանը հոտացնում, որը շարականի հանքով բան էր ասում, մռռում, տերտերների վրա ծիծաղում, որը դունչը ծռում, ձեն տալիս՝ «քեշիշ բելա ի՞շ» (տերտերն ու էսպես գո՞րծ)։ Բազի թաջիբ ու ախունդ էլ անց կենալիս հո՝ Աստված ազատի, աչքերը առաջը քցած, նոթերը կիտած, էնպես

  1. [անց]
  2. [նրա]