Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/101

Այս էջը հաստատված է

մեկ խորդ ձևով տակնըհանց նրանց վրա քիթ ու պռունգը հավաքում, խոժոռած, քափը բերանը կոխած՝ մտիկ էր տալիս, որ թե ձեռին ճար ըլեր՝ կուզեր, որ հենց է՛ն րոպեին նրանց արինը ծծի, սաղ սաղ ուտի։ Էս էր, որ հենց էս օր էլ Երևանումը՝ շատ եկեղեցու սրբերի՝ որի աչքերն ա հանած, որի բերանն ա քերած, որի կես երեսը պոկած, շատ եկեղեցում գլուխը քանդած, դռներն ու սեղանը խարաբա, շատի միջում ոչխարի տարթը՝ մեկ գազ բարձրացել բեմ ու դուռը ծածկել ա, ամեն ծունր դնողի, յա մեջը մտնողի հոգին էրվում, խորովվում ա, որ միտք ա անում, թե որ անշունչ պատկերների, քարերի գլխին էս օյինն են բերել, տե՛ս՝ թե կենդանի քրիստոնեից հալը ի՞նչ կըլեր։ Անտեր երկրի, անօգնական ազգի կամ անճար մարդի՝ ցավն ո՞վ կքաշի, թե ինքը չքաշի։

Եպիսկոպոսին տեսան թե չէ՝ խեղճ տերտերները դողդողալով՝ ամենը մեկ պուճախից դուս էկան, շուրջառները քցեցին, տիրացուքը շապիկ հագան, խաչփառները բարձրացրին, գդակները վերցրին, խոր խոր գլուխ տվին, եպիսկոպոսն էլ մեկ ծանր ծանր խաչակնքեց ու հետո առոք, փառոք շարական ասելով, երեսները դեպի Անապատը34) շուռ տվին, ուրտեղ որ Երևանու առաջնորդը նստում ա։ Հայոց միջումը, ինչպես որ հայտնի ա, ամեն տեղ էս սովորությանը կա, որ նվիրակին, յա եպիսկոպոսին էսպես պատվով ներս տանին։ Շատ անգամ խալխն էլ ա առաջները դուս գալիս, փեշերը, աջը համբուրում, օրհնություն առնում ու էսպես ճամփից էկած բեզարած էկողին մեկ քանի վախտ էլ քաղաքիցը դուս կանգնացնում, որ ինչ ա, իր մուրազն առնի, բայց փառք Աստուծո՝ որ էսպես անկարգ սովորությունները հմիկ քիչ քիչ վերանում են ու էլ եկողին չեն ինջմիշ անում։

Մեր եպիսկոպոսունքն էլ խոր հոգոց քաշելով, մեկ աչքըները քցեցին Մերըդի կողմն ու անսաս գնացին Անապատը, ուր քեդխուդեքը, իշխանք էկան, հավաքվեցան, ձեռըները համբուրեցին՝ գդակերը վեր կալած, օթախը ներս գնացին․ մեկ քանի աղքատուղքուտ էլ տերտերների ու թվանքչոց հետ մնացին դռանը ու փիլոնները կռնատակներին զրից էին անում, իրանց աղի հրամանին սպասում։ Եպիսկոպոսունքը հենց ներս մտան, չաքմեքները հանեցին, շորըները փոխեցին, վեղարների ծերը եդ քաշեցին, խալըչի վրա նստեցին, բարձին թինգը տվին, իշխանաց որը երևելիքն էին, էս կողմն, էն կողմը պատի տակին չոքեցին, վարդապետ, տիրացու, փոքրավոր՝ աչքըները իրանց աղի աչքին քցած՝ ձեռըները դոշներին առաջին կանգնած, իշխանների համար յա արաղ էին բերում, յա մազա թավազա անում։ Ամենի աչքն էլ էկողների բերնի վրա էր, նրանք եռալիս՝ իրանք էլ բարձր ու ցածր էին անում, նրանք երեսները շրջելիս՝ իրանք էլ հետըները շրջում, մեկ բառով՝ էնքան էր իշխանաց պատիվ տալը ու եպիսկոպոսաց ահարկությունը, որ հենց կիմանայիր՝ թե նրանց հոգին սրանք ձեռին ա։

«Հլա գալուստդ շնհավոր՝[1] հայր սուրբ՝ մեր գլխին, մեր երեսին, Աստված ձեզ՝ մեր գլխիցը չի՛ պակսացնի։ Մեր աչքը հենց միշտ ձեր ճամփին ա․ Աստված մեր սուրբ Աթոռը ղադմի հաստատ ու պայծառ պահի», սկսեց իշխանների մեկը գլուխ տալով ու տեղը դրստելով՝ բերանը բաց անիլ։

  1. շնորհա<վոր>=շնհավոր