Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/104

Այս էջը հաստատված է

էլ ըլին, ո՞վ ասում չըլի, լեզուն քրքրվի ասողի. ամա թրի ու թվանքի փիրն օրհնած ա, թեկուզ բողազս էլ դուս կտրեն, ես դրուստն եմ ասում։ Թուր որ չունիս՝ գլուխդ կտրում են, օղլուշաղդ քաշում, կերածդ հարամ անում, դատածդ խլում, քեզ էլ եսիր անում, աշխարքն էսպես ա, ի՞նչ կարաս անիլ։ Տո՛ւր էն աչը, որ բռնի էն խաչը։ Աղոթքն իր տեղը, թուրն իրը։ Աստված ղշին, հայվանին էլ յա չանկ ա տվել, յա պոզ, յա ատամ, որ չանկռի, հարու տա, կծի, իր գլուխը պահի։ Ես մեղա Աստծու։ Սիրտս էրվում ա, էնդուր համար եմ ասում, թե չէ ինձ նման շատերն էկել, ա՜խ, վա՜խ քաշել, իրանց սև օրը լաց էլել ու էլ եդ ա՜խ, վա՜խ քաշելով հողը մտել, ես էլ նրանց մեկը, թե մենակ իմ դարդն ըլիմ քաշում, թո՛ղ աչքս հանեն։ Թողության արա՛, ծառա եմ սուրբ աջիդ, գիտում եմ՝ որ դուք էլ կցավիք, էնդուր համար եմ ասում, թե չէ մեկ պուճախ էլ ե՛ս կճարեմ, որ միջումը ձգվեմ, մեկ բուռը հող էլ հալբաթ կըլի, որ մեկ օր՝ աչքս խփելիս՝ երեսիս քցեն»։

«Լա՛վ ես հրամայում, լա՛վ՝ Ա՛ղա Պետրոս, պատասխանեց սրբազանը, ամա ի՞նչ անես, որ մենք Քրիստոսի ծառեն ենք, և ո՛չ աշխարքի։ Երկնքի որդին ենք և ո՛չ երկրի։ Քրիստոս Տերն մեր՝ սիրելի (երեսներին խաչակնքեցին), երկնի և երկրի Արարիչը եթե կամենար, որ իր սուրբ տնօրենությունը հեշտությամբ անց կենար, ու ինքը չչարչարվեր, չխաչվեր, էլ չէր գալ էս փուչ աշխարքը ու մարմին առնիլ, որ մեզ ազատի։ Մեկ որ հրամայել էր, ամեն բանը թամամ կըլեր։ Ամա չէ՛. Ադամա մեղքը մնացել էր մեր վրա, մինչև էն մեղքը չջնջվեր, դժոխքը չքանդվեր, մեզ ազատություն չէ՛ր ըլիլ։ Մենք սուրբ ավետարանի աշակերտն ենք. սուրբ ավագանի որդիքը, էդպես մտքերը չար սատանեն ա ձեր սիրտն ածում, որ գիշեր ցերեկ մեր շվաքի եդևիցը ման ա գալիս։ Ինքն տերն մեր էկավ մեր մեջը, խոնարհեցավ, մեր մարմինն ու արինն առավ, մեր խաթեր խաչվեցավ, մեռավ, թաղվեցավ, որ մեզ, մեզ օրինակ ըլի, թե ով կամենում ա երկնային փառացը, Քրիստոսի սուրբ արքայությանը արժանանա, ընչանք չխաչվի, չչարչարվի, չտանջվի, իր գլուխը մահու չտա, Աստուծո սուրբ տեսուն չի՛ կարող արժանանալ։ Ավետարանն ինքն ա ասում. Որ ո՛չ առնու զխաչ և ոչ եկեսցե զկնի, որ ո՛չ թողցէ զհայր, զմայր, զկին, զորդիս և ո՛չ եկեսցե զկնի իմ՝ նա չէ՛ ինձ արժանի։ Եվ թէ՝ յարիցեն ազգ յազգի վերայ և թագաւորութիւն ի թագաւորութեան վերայ, նեղեսցեն․ տանջեսցեն, հալածեսցեն զձեզ վասն իմ, այլ դուք ուրախ լերուք, զի վարձք ձեր բազում են յերկինս և մազ մի ի գլխոյ ձերմե ո՛չ կորիցե առանց հօր իմոյ՝ որ յերկինս է։ Այսպես հալածեցին զմարգարէս՝ որք առաջ քան զձեզ էին և այլն։ Տեսե՛ք սի՛րելիք՝ էս էլ ավետարանի խոսքը, ինչ գրվածն ա, պտի կատարենք։ Առաքյալք, Մարգարեք, Մարտիրոսք էսպես արին, իրանց արինը թափեցին, ինչպես ամեն օր լսում, կարդում ենք, որ այժմ Աստուծո աջակողմյան դասումը նստած, իրանց վարձքն ստացել, փառավորվել, երկնային ուրախությունը վայելում են, մենք մեկ սհաթի հետ՝ հավիտենական կյանքը պտի փոխե՞նք։ Էդ ո՞ր գիժը կանի։ Փառք աշխարհիս իբրև զծաղիկ խոտո, այսօր է և ի վաղիվն ցամաքի։ Մեզ պես մեղավոր անարժան մարդիկը պետք է Աստծուն ընդիմանա՞նք։ Էդպես սարսափելի չար միտքը ձեր սրտըներովն էլ չի պտի