Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/105

Այս էջը հաստատված է

անց կենա, ո՞ւր մնա բերան բերեք, յա լեզվով էլ ասեք։ Ինչ Աստուծո կամքն ա, էն պտի ըլի։ Պողոս Առաքյալը չի՞ ասում, թե «հնազանդ լերուք թագաւորաց, զի յԱստուծոյ են կարգեալ». պրծա՛նք, գնաց, ով այլ տեսակ կմտածի, անհավատ ա ու դժոխքի բաժին, մեր պարտականությունն ա՝ որ ասենք, ձերը՝ որ լսեք։ Չե՛ք լսիլ, պարտականը դուք մնաք»։

«Բաս թե իմանաք՝ մեր գլուխն ի՞նչ են բերում՝ էս հավատի թշնամիքը, էն ժամանակը դուք ձերը կմոռանաք։ Ամեն մեկ բեկ, մեկ խան սուրբ Աթոոը գալիս, մեզ կրակն ա գնում, էրում, շամփրի պես պտտում։ Ո՛չ հաց ու ջուրն ա նրանց փորը կշտացնում, ո՛չ պատիվն ու փեշքաշները նրանց աչքը բռնում։ Շաբթով նստում են մեզ վրա, ինչ որ ուզում են, տալիս ենք, էլի ռազի չեն ըլում։ Սարդարն ու Հասան-խանը գալիս հո՝ երկինքը մեր գլխին փուլ ա գալիս, աշխարքն աշխարքով դիպչում. էլ շունը տերը չի՛ ճանաչում, էնքան գել են մեր գլխին թոփ ըլում։ Քչիցը, քչիցը, ամեն մեկ գալիս՝ չորս, հինգ հարիր մարդ եդևիցն ընկած՝ տուն են թափում, ում ո՞ւմ առաջը բռնես։ Խան, բեկ, ծառա, մեհտար, աշչի, ղուշչի, ղայլաչի, էրկու էնքան էլ ձի, ջորի, ուղտ, բարդ, բարխանա՝ հետըները քցած՝ գալիս են մտնում վանքը. դե արի՛, նրանց կառավարի։ Ինչ օր որ նրանց ոտքը մեզ մոտ պետք է մտնի, հացըներս էլ ա հարամ ըլում, ժամըներս էլ։ Սաղ օրը յա ժամի ծերին, յա ճամփի մեջտեղը՝ շոքում, անձրևում, թողում պտի կանգնինք, մտիկ տանք, որ նրանք գան։ Երեք, չորս եպիսկոպոս պտին առաջը գնալ։ Բոլոր միաբանությունը դուս ա գալիս, մեկ վերստաչափ տեղ էլ՝ գլխաբաց, խաչով, խաչվառով, շուրջառով, բուրվառով, խնկով, մմով առաջ գնում ու շարական ասելով, վազելով, ձիանոնց առաջին քափ ու քրտինքները կոխած՝ նրանց ներս բերում։ Շատ անգամ վանքի դուռը մտնելիս՝ պետք է զառ ճոթից, ղումաշից, խասից փիանդազ քցած՝ որ էս անօրենների ոտը խերով ըլի, մեկ վնաս մեզ չհասնի, թե չէ ամենիս էլ կկոտորեն։ Փիանդազը ֆառաշների փայն ա, դե արի՛, նրանց սիրտը շահի։ Էսպես գալիս են վանքը լցվում։ Վեհարան, խցեր, Ղազարապատ, էլ տեղ չի՛ մնում, որ միջումը կուչ գանք։ Հլա սարդարի, խաների սիրտը փեշքաշներով, փողով առնում, ու կաթողիկոս, եպիսկոպոս՝ գիշեր ցերեկ գլխըներովը պտիտ գալիս։ Ամա ինչ որ մեր խեղճ միաբանի ու նոքարների գլխին ա գալիս, դուշմանդ չտեսնի։ Փետի, թրի առաջ արած, սաղ օրը ուշունց տալով, ծեծելով՝ հազար մեկ բան են ուզում։ Յա ձիանոնց տեղն ու խոռակը լավ չի՛․ յա իրանց սրտի ուզածը բանի պետքը չի։ Մեր ձիանքն էլ են դուս անում, տավարն էլ։ Խոզերին հո՝ վա՜յ նրանց օրին, որտեղ որ տեսնում են, թրատում, միջիցը կես են անում, ախր խոզի թշնամի են, բաս ի՞նչ կըլի։ Մեր թխած հացը, էփած կերակուրը, մորթած միսը՝ ձեռը տված զատը հարամ ա ու հարամ։ Իրանք են ամպարը մտնում, մառանը ընկնում, դռները կոտրատում ու ինչ սիրտըներն ուզում ա, շատ փայը շաղ տալով, ոտի տակ քցելով, կոտրելով, ջարդելով, փչացնելով՝ իրանց ձեռովը դուս բերում, ուզածները շինում, էլի ձեր յախիցը կպչում։

«Էսպես՝ մոյդա ասես՝ ղարաչի, քյամանչի, սազանդար՝ սաղ գիշերը որը պար ա գալիս, որը ֆալ բաց անում, որը բերնին զոռ տալիս, որը գլխին, որ էս անիրավի սիրտը շահվի։ Գինի խմիլն էլ հո՝ նոր են սովորել,