Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/108

Այս էջը հաստատված է

բան թաքցրել, էն մնաց իրան։ Քուչեքանց միջին՝ երեխեքանց, հարսների ու աղջկերանց ձենը՝ քարերը մղկտացնում էր, լացացնում։ Շատը ձիու ոտի տակին էր հոգին տալիս, շատը ահիցն ու դողիցն էր լեղապատառ ըլում, շատին երեսի վրա էին քաշ տալիս, որին մազերիցն էին ձիու եդևիցը սուրութմիշ անում, քարեքար տալիս, էն օրը գնա, ո՛չ եդ գա, ինչ Երևանի հալն էր։

Շատ հեր, շատ տղամարդ կամ հանդումն էր, կամ բաղումը, կամ ուրիշ տեղ գնացել ու չիմացել, թե ի՞նչ կրակ ա գալու իր տան ու աշխարքի վրա։ Նորագեղի դուզն ու կարմնջի ճամփեն, Կուզեռան դոշը ձիավորներով խլխլում էր։ Մեկի տեղակ, հազարն էին դուս թափել որ գնան՝ խեղճ գեղցոնց էլ էս դառն ավետիքը տան։ Հուշը գլխըներովն անց կենալիս՝ վեր էին քցում, թեբռում, պլոկում․ մարդ չէ՛ր կարում՝ տեղիցը եռա։ Էսպես որը ունևոր էր ու ջահել՝ շոր ու փալաս, բուրդ ու բարխանա շալակները տվին, տարան, բերդն ածեցին, որը հալևոր էր ու աղքատ՝ օրվան հացի կարոտ՝ ծեծելով, ջարդելով տանից դուս արին, որ հենց էն սհաթին տունը, տեղը թողան, երըմիշ ըլին, որ գնան, գնան, մյուս գեղցոնց հետ խառնըվին, որ քոչեն, չունքի ղալաբանդլղ էր, Ռուսը գալիս էր։ Երանի նրան, որ մեկ սել, ձի, կով, եզը կամ մեկ էշ էլա ուներ։ Էնքան կարացին՝ որ մեկ քանի կարպետ, խալիչա, յորղան, դոշակ, աման, մի քիչ ալիր, յա չալթուկ հետըները վերցրին, որ անձրևի ու արևի տակին՝ սովի ձեռիցը չմեռնին։ Բայց քաղաքումը շատը ո՛չ գրաստ ուներ, ո՛չ մարդ, սել հո սկի լսված չի՛։ Անիրավ թշնամին էնքան ժամանակ էլա չէ՛ր տալիս՝ որ էստոնք էլա վերցընեն։ Ինչ ուտելիք կար՝ ձուկն ասես՝ եղ, պանիր, հաց, գինի, տան բոլոր տարվան թադարեքը՝ կամ ջարդում էին, դեն ածում, կամ էրում, ջուրը քցում, տնները կրակ տալիս, փետ ու միս անում, որ շուտով ճամփա ընկնին, քոչին։ Եկեղեցքանց, տների, ջաղացների դռները մնացին կրնգների վրա բաց կանգնած։ Տանող տանողի էր, քաշող քաշողի, շունը տեր չէ՛ր ճանաչում, հերը որդուն ուրացել էր։ Էս սարսափելի ձևովն ընկան գեջդան գեջ ճամփա, օձերը ծնեցին, քարերը պատռվեցին, քոչը երմիշ էլավ։

Շատ ողորմելի՝ երկու հոգիս մեր կինարմադ՝ շունչը բերնին դեմ առած, մեկ քոռփա ծծին ուներ բռնած, մեկը քամակին կապած, որի էլ ձեռիցը բռնած՝ հազար տեղ չոքում, հոգին՝ ուզում էր՝ տա ու իր սև սհաթիցը պրծնի։ Չէ՛ր գիտում, ի՛ր գլուխը լաց ըլի՝ թե ողորմելի երեխեքանց ձենը կտրի, որ սոված, ծարավ, շոքի ձեռիցը թուլացած, ոտները յարալու, փարալու, չունքի շատը բոբիկ էր գնում, իրանց մոր ծնկներովն էին փաթաթվում, ճտովն ընկնում, որ իրանց կտոր հաց, յա մեկ պուտ ջուր հասցնի։ Շատ հեր՝ երեխեն ուսին, յա շալակին, խալիչա, խուրջին քամակին՝ դեմը գնում, դեմը լալիս․ հենց որ ուզում էր՝ մի քիչ նստի, շունչ քաշի, թրի ոռքն, յա թվանքի լուլեն էին աչքը բուռը քցում, որ տեղիցը վեր կենա, վազի, որ եդ չմնա։ Որի հերն էր մերձիմահ տանը մնացել ընկած, որի հարսը կամ կնիկը, կամ պարկած ծննդկանը, կամ ծծկեր երեխեն օրորոցումը։ Տեսնողի սիրտը կրակ էր ընկնում, բայց անողորմ ղզլբաշի թուրն ու արինաթաթախ ձեռը՝ ո՛չ հեր էր հարցնում, ո՛չ հիվանդ, ո՛չ ծեր, ո՛չ տղա, ո՛չ մեր, ո՛չ աղջիկ։ Որին քարով էին սպանում, որին թրով, որի ոտիցը քաշում, ջուրը քցում, որին բանհոգի անում, որ մնացողները ձեռք