Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/110

Այս էջը հաստատված է

ընկավ, գետինը ժաժ էկավ, իրանց գլխըները, աչք ու լիս, ուշ ու միտք կորցրեց, ղժժաց։ Շատի բախտն էնքան բանում էր, որ թուրը իրան էլ էր զոռը ցույց տալիս, իր սիրելու հետը տանում, պրծացնում։ Բայց ա՜խ՝ իրանք՝ ղորդ ա պրծնում էին՝ բաս իրանց քոռփա մանուկների՝ էրեխեքանց ցավն ու հոքսը ո՞վ պետք էր քաշեր, ո՞վ նրանց մեկ պուտ ջուր, մեկ կտոր հաց տար, սովից, մահից ազատեր։ Վա՜յ նրանց օրին՝ յա անիրավ Արախլուն էր նրանց զավթում, յա սովը իր ճանկը քցում։ Բոբիկ ոտները քարերն էին ճղում, բաց գլխըները արեգակը էրում, փոթոթում։ Շատ մոր երեխեն գրկիցը խլում էին ու կտոր կտոր անում, որ եգին գնա։ Ո՛վ՝ երկինքը աչքը բաց[1], հանդարտ՝ մտիկ էր տալիս, երկիրը բերանը փակ՝ անկաջ էր դնում, ում տալիս էին էնպես անմեղ քոռփին, դեն էր քցում, մեկ բուռը հողի էլա արժան չէ՛ր տեսնում։ Վա՜յ նրան՝ որ կամ սելի ակն էր կոտրվում, յա ձին սովի ձեռիցը բեզարում, կամ գրաստը ծարավի, շոքի ձեռիցը թուլանում, վեր ընկնում, կամ տիրոնչն էլ անասունի հետ էին սպանում, կամ սել, մանր երեխեք, միջումը վեր ընկած, յա քնած թողում ու տիրոնչը թրածեծ անելով, առաջ բզում, հետ ածում, շատը ղորդ ա՝ վազում գնում էր, չունքի ջանն ազիզ ա, բայց՝ շատը գլուխը դնում սելի վրա, աղաչանք էր անում, որ կտրեն, մեռնի, պրծնի ու իր ողորմելի զավակները չոլումը չթողա։

Ա՜խ՝ ո՞ր մեկն ասեմ․ սիրտս արին ա դառնում, ձեռներս դող ընկնում, աչքերս սևանում։ Երանի՛ նրան, որ էսպես բան ո՛չ տեսել, լսել ա, ո՛չ էլ կտեսնի, կլսի, բայց մեր ողորմելի ազգը հազար անգամ ա տեսել, լսել, քաշել։ Քար չկա մեր երկրումը, քոլ չկա, որ Հայի արնով ներկած չըլի։ Դու էլ սրանց հետ գնացիր, սիրելի եղբայր իմ Մոսի27), իմ գառնուկ աղպեր։ Ա՜խ՝ հենց մանուկ երեսիդ էի կարոտ, էն էլ չտեսա։ Մորս ծոցին, իրեք տարեկան՝ սովը քեզ տարավ՝ էդ լիս երեսիդ ղուրբան։ Գերեզմանդ ինչ տեղ ա, չգիտեմ, բայց երկնքումն էլա երաբ մի քեզ կտեսնի՞մ, մի ճտովդ կընկնի՞մ, ա՜յ քո անմեղ ջանին մեռնիմ»։

Ա՜խ՝ սիրելի Հայ՝ էս բաները լսելիս, ինչ ունիս չունիս, տուր, որ քո ազգը քիչ քիչ մեկ լավ օր քաշի։ Սրանք են՝ որ դռնեդուռը ման են գալիս, ողորմություն խնդրում, որ գնան՝ իրանց գերիքն ազատեն, որ էս դառն ժամանակին Բայազիդ կամ Ղարս ծախել են, որ մյուսներին պահեն։ Որդուդ նայի՛ր, Աստծուն փառք տո՛ւր, որ քո առաջին խնդալով, խայտալով խաղում են․ ա՜խ՝ քո դուռն էկողի ցավն իմացի՛ր, մի՛ երեսդ դարձնի՛ր։ Սրանք տանից, տեղից ընկած, որդուց, օղլուշաղից զրկված՝ սոված, ծարավ՝ քե՛զ են ապավինել։ Մի՛ ասիր՝ թե թամբալ են, բանից փախչում են, սրանց ամեն մեկի սրտումը հազար թուր կա ցցված։ Սրանց ուտելիքն էր խոտը, ծառերի կճեպը, թուփը ու իրանց սատկած տավարի ջամդաքը, չունքի մորթիլ չէ՛ր կարելի էսպես ժամանակին։ Մեկ արտ ռաստ գալիս, կամ մեկ խարաբա գեղ տեսնելիս՝ հենց իմանում էին՝ թե դրախտն են գնում, չունքի լավ օսալ՝ էլի մեկ բուռը ցորեն, յա մեկ պտղունց գարի ճարում էին ու հենց էնպես բովում, աղանձում, հատիկ անում․ աղը հո զհաթ էր։ Էսպես էին քոչում մեր խեղճ, ողորմելի խալխը, չունքի Ղզլբաշն իմացել էր, կամ

  1. [քցած]