Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/115

Այս էջը հաստատված է

սարի չայիր չիման ծաղիկն, աղբյուրը, ձոր ու էրն էին նրանց ջանը, նրանց հոգին, նրանց կյանքը։ Տաք յորղան դոշակում, բուխարու առաջի, շկոլում կամ եկեղեցում մեծացել՝ որ նրանց սիրտը կամ ահ ունենա կամ թուլություն։ Շատ անգամ անձրև, կարկուտ գալիս էլ նրանք չոլումը, կամ սարումը քնած տեղը՝ գլուխ չէին բարձրացնում, որ քունը չփախչի։ Նրանց բուխարին, նրանց փեչը իրանց տան մեջտեղն էր, ուր տեղ որ երկու, երեք ահագին ծառ իրար վրա քցած, առավոտեց մինչև մութն էրվում ա, ու իրանք էլ դռները բաց՝ շատ անգամ շապկանց, գլխաբաց՝ կրակի չորս կողմը կտրում, խմորը գունդ են անում, միջումը թխում, միս են խորովում, հաց են ուտում ու իրանց ձորերի պատմությունն են անում ու որդին հոր ճտովն, ախպերը քվորը խտտած՝ անմեղ գառի պես բոլորեշուրջը վեր թափվում քնում։ Մեկ ղալմաղալ ընկնելիս՝ իրանց ապրանքը, օղլուշաղը տանում էին էնպես քարափների մեջ պահում, որ ղուշը սիրտ չէր անիլ՝ մոտ գա։ Հազար գազ բարձր, սուր քարափների դոշին մարդ մտիկ անելիս՝ սևանում էր, սրանք էնպես էին ման գալիս, էնպես էին էս քարափի ծերիցը էն քարափի ծերին թռչում, որ հեռըվանց տեսնողն էլ մնում էր քար դառած, աչքերը կալնում էր ու դուզ գետնի վրա չէր կարում ահիցը կանգնիլ, նստում։ Տավար, ոչխար, իլխի մեշեն էին քշում ու իրանք թվանքները ուսըներին՝ սար ու ձոր ոտի տակ տալիս։

Ա՜խ՝ ի՞նչ տեղ են կենում՝ որ էսպես չանեն, էս սիրտը չունենան, վարժատան չէին՝ մեռած բառով, անհոգի շնչով, թույլ լեզվով լսել՝ թե Հայք էլ վաղ թագավորություն ունեին, որ կամ չհավատային, կամ քունները վարպետի անսիրտ պատմության վրա տաներ։ Ամեն քար նրանց համար գիրք ա, ամեն ապառաժ նրանց համար պատմություն, ամեն հին բերդ, քանդված մատուռ կամ եկեղեցի, որ սար ու ձոր լիքն են էս տեղ, նրանց համար կենդանի վարժապետ։ Ամեն գերեզման, ամեն արձան նրանց համար կենդանի վկա, ու պատմագիր։ Լոռվա անառիկ բերդը, Սանահնա և Հախպատի վանքերի պատերը, տաճարները, սրահները, նրանց համար վարժատուն։ Իրանք ղորթ ա՝ կարթալ չեն գիտիլ, ամա սրտներումը երկաթի պես ա գրված՝ թե էս է՛ն սուրբ հողերն են, է՛ն սուրբ դաշտերն են, ուր մեծն Շահն-շահ, Աշոտ Բագրատունի, Սմբատ․․․ Զաքարե սպասալար, Արղությանց երկայնաբազուկ նախնիք, Հովհան Օձնեցի իմաստասեր, Հովհան Երզնկացի՝ արծվի պես խոյանային, առյուծի պես մռնչային ու հրեղեն սերովբեի ու քերովբեի պես թուրը ձեռ առած՝ երկրումս Օմարի, Հոնաց, Չինգիզխանի, Թամուրլանգի հոգին քաղեին, երկնքումը իրանց համար անմահության բրաբիոն, անթառամ պսակ պատրաստեին։ Նրանց ծնկները՝ սրանց գերեզմանի վրա չոքում, նրանց երեսը սրանց սուրբ հողին ա քսվում, նրանց ոտը՝ սրանց երեսին ա կանգնում, նրանց արտասունքը՝ սրանց հողի հետ ա խառնվում։ Նրանց սերմը՝ սրանց հողիցը դուս գալիս, իրանց պահում, նրանց տան հիմքը՝ սրանց գերեզմանի վրա շինած։ Նրանց մեռելը սրանց միջումը պառկած։