Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/116

Այս էջը հաստատված է

Քնից են վեր կենում, սրա՛նց գերեզմանը տեսնում,
Թե քուն են մտնում, սրանց երազումը տեսնում,
Թե օրթում ուտում, նրանց անունը տալիս,
Թե ճամփա գնում, նրանց աղոթքն հիշում,
Թե կռիվ անում, նրանց հիշում, հաշտվում։
Ո՛վ սուրբ լերինք, ձորը, Հախպատ, ՍանաՀին,
Ձեր սուրբ դաշտերումը, սարերի գլխին,
Հազար արձաններ անմռունչ կանգնին։
Կենդանի լեզվով խեղճ անցավորին
Կանգնացնեն, ասեն, էլ լռվին կրկին,
Լա՛ց քո տարաբախտ արևդ ու օրերդ,
Լա՛ց քո խեղճ գլուխը՝ բա՛ց էդ ձեռներդ.
Տո՛ւր հոգիդ անտեր, ողորմելի Հայ՝
Էլ ո՞ւր ես գնում, գլխիդ չտալիս վայ,
Կա՛ց, մեռի՛ր էստեղ, թո՛ղ քո ոսկերքն էլ
Էս սուրբ հողումը կարենաս թաղել,
Որ մարմինդ էլա էս աշխարքումը
Քո թագավորաց հետ ու միջումը
էս տեղ դինջանա, չունքի քո աչքը
Կարոտ մնաց, տեսնի քո ազգի փառքը։
Նրանց սուրբ հողն էլա՝ թո՛ղ երեսդ ծածկի.
Նրանց կոխած թուփը՝ քո գլխիդ ծաղկի,
Թողեք սրբազան նախնիք մեր հզոր՝
Ձեր սուրբ երեսին զոհ լինիմ մեկ օր։
Ա՜խ՝ շունչս քաշելիս՝ կրակ է դուս գալիս,
Աչքս խփելիս, բերանս բանալիս՝
Ա՜խ ու ո՛խն ու լաց ամպի պես խառնվում՝
Էրում, խորովում, օրս խավարացնում,
Ա՜խ՝ ի՞նչ օգուտ՝ որ սիրտս ա իմանում,
Աչքս չի՛ տեսնում, հոգիս մխիթարվում․
Ընչի՞ ձեր թևի տակին չծնեցի,
Ընչի՞ ձեր շունչը ես էլ չլսեցի,
Որ վեհ Շահն-շահն, կամ մեծն Սմբատ
Ինձ էլ ասեր թե՝ որդի հարազատ,
Տես՝ է՛ս հողումը ես քեզ պահեցի.
Տես՝ է՛ս հողումը քեզ մեծացրի.
Շունչդ տո՛ւր, հոգիդ, բայց քո այրենիք
Մի՛ տար թշնամյաց, ու անաշխարհիկ
Ընկնիլ սարե սար, լինիլ չարաչար
Ծառա օտարաց, կամ գերի անճար.
Փակիր երեսդ՝ Աստվածասեր Հայ,
Վա՛յ մեր խեղճ օրին, մեր արևին վա՜յ,
Ամպել ա երկինքը, կայծակին տալիս,
Սար ու ձոր գոռում, հառաչում, լալիս։