Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/118

Այս էջը հաստատված է

Աչքդ մեկ գետնին քցի՛ր ու ասա՛,
Աղլուխն ա՛ռ, ձեռդ սրբի՛ր ու մեկ լա՛,
Չոքի՛ր էն հողի, էն դաշտի վրա,
Նայի՛ր երկինքը ու լա՛ց, սուգ արա՛,
Հիշի՛ր նրանց հոգին, պահի՛ր քո մտքում,
Թե մեկ ազգ իրան որ էա աշխարքում
Չի՛ պահի, թշնամուն ինքը գերի կըլի,
Աստված էլ նրան աչքից կըքցի։

«Տղե՛րք՝ օյաղ կացե՛ք, թվանքգներդ հազրեցե՛ք, երեխեք, օղլուշաղ բերեք՝ մեր տունն ածեցեք»։ Ասեց Խլղարաքիլիսի իշխան պարոն Աղա Սարքիսը։

«Փառք Աստուծո՝ տունս հացով լիքն ա, գոմեշներս կթի. ինչ ունիմ ձերն ա, ձեր տավարն էլ՝ որքան կարեք՝ գեղին մոտացրեք, սիրտըներդ պինդ պահեցե՜ք, քանի իմ ծուխս չի՛ կտրվել ու շունչս բերնումս, ջանս ձեր ուղուրին դրած ա։ Մենք Քրդերի ու Օսմանլվի հետ ենք քյալլա տվել, էս անսիրտ Աջամն ի՞նչ ա, որ մեր առաջին դիմանա։ Երկինքն էլ որ թըռչին, տեղվետեղ կրակ դառնան, մեր մազին չեն կարող դիպչիլ։ Մեր ոսկոռները Ղարսա սարերումն ա պնդացել, սրանք ո՞վ են, որ մեզ դեմ կենան։ Թո՛ղ մեզ բարութ ու թվանք չտան, մեր տղամարդությունը մեզ համար բարութ էլ ա, պարիսպ էլ։ Լավ նայեցե՛ք, որ սելերը ղայիմ ըլին։ Մեկ դասթեդ գնա գեղի էն կողմը, մեկ էս կողմը, թե կարաք՝ մեծ ու պստիկ խառը կանգնեցեք, որ թշնամին հենց իմանա, թե մենք շատվոր ենք ու սիրտ չի անի մոտանա։ Ես իմ դասթովը ճամբի առաջը կկտրեմ, առաջի դուս էկողի ճակատը՝ էս գյուլին ղուրբան կանեմ, որ հրես քցում եմ։ Ղորդ ա, շատ օր մտիկ արինք, չեկան, ամա էս գիշեր ինձ սուրբ Սարքիսն երևաց՝ ծառա եմ նրա սուրբ զորությունին ու ինձ ասեց՝ որ մեր գլխի թադարեքը տեսնինք։ Սուրբ Սարքսի անունը տվե՛ք, աղոթք արե՛ք, հրես աղոթարանը որտեղ որ ա, կբացվի։ Նրանք մեր ազգի արինը շատ են վեր ածել, մեկ օր էլ մենք նրանց արինը վեր ածենք։ Հայ չե՞նք, Հայի Արարչին մեռնիմ, նրա ամեն մեկը մեկ սարի բարեբար ա։ Էլ վախտ մեք կորցնիլ, կապրինք, էլի մեր հողումը, մեր օղլուշաղի հետ կխնդանք. էլի մեր ննջեցելոց հողի վրա արին կթափենք։ Վարթանա թոռները չե՞նք. Տրդատա արինը չի՞ մեր սրտումը․ Տիգրանի շո՞ւնչը չի մեր բերնումը։ Սար ըլեր կհալչեր, էլի մենք, Հայերս չե՞նք, որ ամեն տեղ անուն ունինք, մեր հավատը ամեն տեղ գոված ա․ մեռնի՛մ ձեր արևին՝ էնպես մեկ քաջություն անենք էս օր, որ աշխար ամենայն իմանա։ Դե՝ էլե՛ք, Սմբա՛տ, Աշո՛տ, Տիգրա՛ն, էլե՛ք՝ ձեր խոքուն (հոգուն) ղուրբան՝ տեսնիմ՝ թե ինչպես էս օր ձեր անունի լայաղ՝ ձեր հունարը նշանց կտաք։ Էդպես անուն ունեցողը՝ սար ըլի առաջին, պտի վրովը թռչի․ ծով ըլի՝ պտի ոտնակոխ տա՝ ո՞ւր մնա էս քյամալսզ, թուլ Աջամը, որ ո՛չ հոգի ունի, ո՛չ հավատ, ո՛չ օրենք։ Մեկ մարդ որ մեռոն չունենա ճակատին, նրանում ի՞նչ զորություն կըլի։ Մեր ձեռը որ թուլանա, Աստուծո հրեշտակը, սուրբ Լուսավորչու բարեխոսությունը մեզ քոմակ կըլին, է՛նքան ա մեր հավատի զորությունը։ Տե՛րտեր ջան՝ վեր կա՛ց,