Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/123

Այս էջը հաստատված է

չըլի, կամ թե Խլղարաքիլիսեցիք՝ իրանց դավանակիցը տեսնելով՝ թուլանան, թվանք չքցեն՝ որ հետո իրանք հանկարծ վրա թափին, սելերը գաղթմիշ անեն ու նրանց ապավինողներին կամ սրով ջարդեն կամ սաղ սաղ կրակը դնեն, էրեն։

Հասան-խանը մեկ քանի ձիավորով նի էլավ սարը, դուրբինը առավ ձեռքը, մեկ քարի վրա պըպզեց ու ձեռով արեց։ Օքյուզ Աղեն իր քրդերովը, Նազի-խանը ղազախները աջ ու ձախ բռնած, Սվանղուլի-խանը իր սարվազներովը, Ջավար-խանը, սարդարի մեծացրած փեշղսմաթը (փոքրավորը) իր ղոնշունովը՝ Հայերին ինչպես մեկ սուրու, ոչխար մեջ արած՝ ծեծելով, ջարդելով՝ սկսեցին առաջ խաղալ։ Քաջածաղիկ պատանին Վարդան՝ որ հինգ սհաթումը քառասնից ավելի մարդ կամ սպանել էր կամ յարալու արել, որ արծվի պես էս կտրից էն կտուրն էր ընկնում ու որին բարութ, որին սիրտ տալիս՝ մխիթարում, լեղապատառ վազեց, հոր ականջը մտավ ու լացակըկնած՝ մազերը պոկելով հորն ցույց տվեց, ճտովն ընկավ, երեսը համբուրեց, ոտները պաչեց՝ որ չունքի մեկ օր պետք է մեռնեին, սել ու տուն կրակ տային, օղլուշաղներն էրեին ու իրանք ընկնեին թշնամու մեջը, որ որտեղ թուրը կոտրվեր, բարութը հատներ, իրանք էլ էնտեղ նահատակվեին, որ իրանց ազգի վրա ո՛չ թուր քաշենք ո՛չ թվանք քցեն։

«Ամեն մարդ իր գլխի տերն ա». գոռաց էս անսիրտ հալևորը էնպես՝ որ աչքերիցը կրակ էր վեր թափում․ «ընչի՞ են էսքան խղճացել, որ իրանց թուրը իրանց սիրտն են կոխում։ Մարդ որ իր տանը, իր աշխարքին մուղայթ չի կենա, իր հողի ղադրը չգիտենա, մեռնի մեկ օր հառաջ լա՛վ ա, քան սաղ մնա. հողն էլա հո կդինջանա։ Նրանք էն վախտը կըլին մեր ազգը, Հայ քրիստոնյա, որ թե էս սհաթին դոնմիշ կըլին ու համ իրանց կազատեն, համ մեզ քոմակ կանեն։ Գլխիցս ձեռք վերցրո՛ւ, դու դեռ ջահել ես, հալա մեծացիր՝ եդո ինձ խրատ տո՛ւր։ Աշխարքը դեռ փակ ա քո աչքին»։ «Հա՛յր, հա՛յր, նրանք ի՞նչ մեղավոր են, գլխիդ մեռնիմ, էդ սիրտը մի ունենար, մեր ազգին խեղճ արի․ թո՛ղ մենք մեռնինք, նրանք ապրին։ Մեր օղլուշաղը մեր մոտին ա, նրանց աչքը ճամփի, մի՛ անիլ»։ «Ձեռք վերցրո՛ւ ասում եմ՝ հրես էկան․ տղե՛րք, էլ մե՛ք[1] մտիկ անիլ»։ «Աղա, ձեր ազգն ենք. Աղա, քո արևի սադաղին ամեն մեկս տասը քսան գլուխ քյուլֆաթ տանը վեր ածած թողել՝ էկել ենք․ թրով են բերել՝ մենք չէինք գալիս։ Ա՛ղա, գլխիդ ղուրբան՝ տեսնում ես, որ մեզ զոռով կրակն են ածում, յա՛ բաց արեք ձեր սանգարը, որ մենք էլ ձեր մեջը գանք, ձեզ հետ թուր տանք, մեր օղլուշաղի տերն էլ Աստված, յա՛ թող Հայի թրով մենք չմեռնինք։ Մեզ մորթի՛ր՝ գլխիդ մեռնիմ, չէ՞ մենք էլ քո ազգն ենք, մեկ ավազանում ծնված, մեկ խաչի պաշտող, մեզ ջուրն ածի՛ր, խեղդի՛ր, մեզ մի սպանի՛ր, մեր դառն օրը մեզ հերիք ա։ Մեր փրկիչն էս օր դու դառի՛ր։ Թուր էլ ունինք, թվանք էլ․ ամա հազար թուր մեր գլխին սրած, հազար գազան չորս կողմներս բռնած։ Ի՞նչ անենք, ո՞ր ջուրն ընկնինք»։

Ամպերն սկսեցին սարերիցը գոռալով բարձրանալ․ երկինքը երեսը եդ

  1. միք=մեք