Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/133

Այս էջը հաստատված է

Բայց վա՛յ ինձ՝ ո՞ւր հասա, ո՞ւր տարավ ինձ իմ կսկիծը, իմ էրված սիրտը։ Լեզուս չի՛, որ խոսում ա, հոգիս ա, որ զգում ա, ազգիս արինը առաջիս թափում, իմ հայրենիքն առաջիս քանդվում, իմ սիրելի ախպոր տղի արտասունքը ու դառը սուքը՝ սիրտս էրում, խորովում։ Ի՞նչպես բերնիս հուփ տամ․ արինս քթովս ա դուս գալիս, աչքս կայծակին տալիս․ ջանս էլ տամ, էլի իմ թանկագին ազգի արինն ու ոսկերքը Շորագյալու հողումը չորացած՝ կարելի ա՝ թե մեկ մարդի չէրևեր, մեկ մարդ չիմանար, թե ես էլ էստեղ պետք է գոհ ըլեի[1] չիմանայի, չտեսնեի, չլայի ու աղի արտասունքով չխնդրեի։ Ով Խլղարաքիլիսու պատմությունը կարդա, ինչ աստվածասեր Հայ նրանց տարաբախտությունն իմանա, գլուխը պահի, նրանց հոգին հիշի, իր հոգին ու մարմինը՝ էլ թշնամու ձեռք չտա, չտա, ջուրն ընկնի, կրակումն էրվի, բայց էր յախեն Պարսից ձեռը չի՛ քցի, չի՛ քցի․ գլուխը ծախի, իր ազգի դարդին հասնի, իրան գերի չանի, չանի։ Ա՜խ՝ երաբ ասածս տե՞ղ կհասնի, թե հետս գերեզմանը կերթա, ու հողումն էլ ոսկերքս կմաղի, կտանջի, դրախտն ինձ դժոխք կլինի, գերեզմանն՝ ինձ գեհյան (քուրա)։

Էրեխեք՝ ձեր ջանին մեռնիմ՝ ձեզ եմ ասում իմ դարդը․ ձեզ հմար եմ գրում․ ձեր երեսին ղուրբան՝ հողումն էլ ըլիմ, էկե՛ք, վրես կանգնեցե՛ք, թե ազգասիրությունն ու հայրենասիրությունը ձեզ վնաս տա, անիծեցեք ինձ, թե օգուտ, օրհնեցե՛ք ու լսեցե՛ք ձեր ընկերների լացն ու սուքը, նրանց հորնըմոր կսկիծն ու ձեր հորնըմոր ծոցումը դինջ հանգստանալիս՝ ասածներս մտքըներդ բերեք։ Խլղարաքիլիսեցոց անմեղ էրեխեքանց ձենը քանի անկաջներդ ընկնի, փառք տվեք Աստուծուն, որ էնպես երկնքի տակի ծնվեցիք, որ ձեր աչքը էսպես բան չտեսավ, նրանց ծոցումը մեծացաք, նրանց կաթովն ապրեցիք ու նրանց արինը չխմեցիք, նրանց դեշի վրա քնեցիք ու[2] չմորթվեցիք, նրանց կռան վրա խաղացիք, ու ոչ նրանց մեռած, կտրատված, թիքա թիքա արած, արինաթաթախ լաշի վրա ընկաք, ու լալով, արտասնքով նրանց արինը չծծեցիք, կենդանի մոր փորից դուս էկաք, նրանց սերը վայելեցիք ու ոչ թե նրանց ճղած փորը դուք կենդանի մտաք, ու ձեր գլուխն էլ՝ նրանց սրտումը արինաթաթախ ցցվեց։ Բարձի վրեն, յորղան, դոշակի տակին նրանց խտտեցիք, խնդացիք, ու ո՛չ հողի միջումը, քարերի վրա, նրանց արնումը թավալ տալով ձեր արինն էլ հետը խառնեցիք։

Ա՜խ՝ մի լաք, մի նախատեք ինձ, որ ես ձեր առաջին դժոխք եմ բաց անում․ իմ սիրտս էլ՝ որ դժոխքումն էրվի, էսքան չե՛մ կսկծալ, չեմ մորմոքվիլ, չեմ տանջվիլ, ինչպես Խլղարաքիլիսու պատմությունը միտքս բերելիս։

  1. Էս ժամանակին վարժատանիցը դուս էկա ու Թիֆլիզուցը գնացի Հախպատ Եփրեմ կաթողիկոսի մոտ, որ թուղթ առնիմ, գնամ, իմ ծնողացը հասնիմ, նրանց հետ քոչիմ ու գնամ Վենետիկ։ Ամեն բանս հազիր էր. Օսմանլվիցն էլ մեկ տերտեր էր էկել իր որդովը, ուզում էր եդ դառնար։ Սրանց հետ էի ուզում ճամփու ընկնիմ, բայց դերձիկը դեռ շորս չէ՛ր հասցրել։ Որքան նեղացա՝ որ նրանք գնացին, ես մնացի։ Էրկու օրից հետո հենց մտա Ղարաքիլիսեն, Խլղարաքիլիսու եսրներն էկան։ Ողորմելի տերտերն իր որդովն էնտեղ էր սպանվել։
  2. [նրանց]