Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/134

Այս էջը հաստատված է

Չբարկանա՛ք ինձ վրա, չասե՛ք՝ թե երազ եմ պատմում. հազարիցը մեկը չեմ ասում, որովհետև ձեռքս թուլանում ա, աչքս սևանում։ Իմ լեզուս ի՞նչ ա, հարցրեք էնտեղ ըլողներին, նրանք, հազարապատիկ լավը կասեն՝ թե ինչպես էին անողորմ՝ Պարսիկքը մոր փորը ճղում, երեխեն հանում, թիքա թիքա անում, առաջ ոտները կտրում, հետո ձեռները, ապա մզրախի, թրի ծերը հանած՝ նրա մղկտալուն, թրպրտալուն երկար ժամանակ մտիկ տալիս, իրանց դժոխային քեֆն անում, ասում, լսում, խնդում, ծիծաղում ու հետո, ա՜խ՝ հետո էնպես անմեղ քոռփին կամ հորնըմորը տալիս, կամ նրանց գլուխն էլ սրանցի հետ մատաղ անում։ Թողե՛ք, թողե՛ք անց կենանք, հերիք ա. բայց ի՞նչ անեմ, հենց գիտեմ՝ էս օր ա Սահակ աղեն առաջիս կանգնել՝ աղլուխը աչքին դրել, աղաչանք անում, որ Հասան-խանի սիրտը ռահմ ընկնի, էս օր են Հայ սարվազներին են էրեխեքանցը տալիս՝ որ նրանք բռնեն, իրանք փառչալամիշ անեն։ Էս օր են տասը Պարսիկք Վարդանի քիր ու ախպերը, հերնըմերը առաջիս սաղ սաղ քերթում, կաշիները հանում, ոտ ու ձեռ՝ քարով, թոխմախով ջարդում, քացով երեսներին տալիս, ու Վարդանը, էս հրաշագեղ պատանին՝ ձեռները կապած, էս երկնային հրեշտակը նրանց վրա կանգնած, ոտն ա կամենում շարժի, ճոպանը չի թողում, ձեռն ա ուզում մեկ բանի հասցնի՝ չվանն ա ղայիմ, թրի առաջն ա ուզում ընկնի, Թուրքը23) չի՛ թողում, սիրտը պատռում ա, ձեն չի կարում հանի, չունքի նրա հասակի ջահել տղա, աղջիկ հավաքել, ձեռ, ոտ, բերան կապել տանում են, որ իրանց դնին մատաղ անեն։ Ողորմելի պատանին ուզում ա, որ մեկ եդ էլա մտիկ տա, իր ծնողաց սուրբ արինը ու կտրատված լաշը մի տեսնի, փափագն առնի, մեկ կաթ արին էլա՝ վրեն քսի, մեկ բուռը հող էլա՝ ծոցը կամ ջեբը դնի, որ հիշատակ մնա, մեկ համբուրի էլա, ու եդին բարովն ասի, մեկ չոքի էլա, նրանց օրհնությունն առնի, բայց ա՜խ, ա՜խ, հարիր սուր գլխին պլոկած, աչքերը կապած՝ իր ընկերների հետ քշում են, անկաջները փակ՝ որ նրանց ձենն էլա իմանան, բերանները կապած՝ որ իրար հետ խոսին. ձիու երըմիշ ըլելուցն են իմանում, որ շարժում են, բայց չգիտեն, ո՞ւր, դժո՞խքը, թե դրախտը. դժոխքը՝ սի՛րելիս՝ դժոխքը, սրանց տանում են, որ թուրքացնեն, իրանց դնին մատաղ անեն։

Եդ դառնա՛նք, պրծա՛նք, հազար ծեր ու պառավ, հազար տղա ու աղչիկ, մանուկ, ծծկեր իրար վրա փրթած՝ վաղուց ձենըները կտրեցին, երկնային քունը մտան։ Ժահահոտությունը քիչ քիչ սկսում ա բարձրանալ, հարավի չոր քամին փչում, ամպերն էլ եդ սարերի գլխըներին հավաքվեցան, նրանց աղաղակը Աստված չիմացավ։ Արեգակը վազում ա արևմուտը հասնի, ղզլբաշը Ապարան քաշվում, Խլղարաքիլիսեցոց հոգիքը ո՞ւր − դրախտը. արդարը դժոխքը ե՞րբ կերթա։ Խլղարաքիլիսեն էրվեց, ամպերը քաշվեցին, սարերը դինջացան, հարիր տասը, տասնըհինգ տարեկան տղա, աղջիկ Հասան-խանի օրդուն մտան։ Ղոնշունը նազրախանեն ածելով, պար գալով՝ եդ ա դառել՝ դահիճքը իրանց թրերն են հազրում, մոլլեքը իրանց լեզվները սրում, որ Քրիստոսի որդիքը Ալուն մատաղ անեն։ Վա՜յ, վա՜յ․ Հայոց ազգ ջան. է՞ս օրին էիր դու արժան։ Իրիգունը որ գա, ա՜խ՝ գել, սարերի գազանները պտի գան՝ ձեր կացած տեղը իրանց ուրախությունն անեն։ Էլ ո՞վ կլսի մոր ձեն, հոր աղոթք, էրեխի խաղ ու ծիծաղ,