Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/139

Այս էջը հաստատված է

պես դոշը դեմ ա տվել, ո՛չ պատժիցը վախում, ո՛չ պատվիցը խաբվում, իրան կսկիծը մոռացել՝ ընկերներին էլ ձեն ա տալիս, սիրտ դնում։

«Էս էն անիրավ թուրն ա՝ որ մեր հորնըմոր սիրտը էս օր մեր առաջին դուս ճոթռեց։ Էս է՛ն անաստված ձեռներն են՝ որ էս օր մեր մանուկ, ծծկեր քիր ու ախպոր մարմինը թիքա թիքա արին, կտրատեցին։ Էս է՛ն անողորմ ազգն ա, որ մեր նաչար ազգի արինը մինչև էս օր էլ խմում ա․ էլ ի՞նչ ենք կանգնել սրանց միջին ու սրանց գարշելի երեսին նայում։ Ձեր ջանին մեռնիմ՝ էրեխե՛ք ջան՝ մենք ո՞ւմ որդիքն ենք, որ թրից վախենանք, ո՞ւմ զավակներն ենք՝ որ կրակը մեզ թուլացնի։ Մեր ծնողք ու ախպերները չէի՞ն՝ որ էրեկ էնպես քաջությամբ մեռան, որ արարած աշխարքը զարմացավ, ու հուրն հավիտենական պտի զարմանա։

Մտի՛կ արեք, ձեր երե՛սին ղուրբան՝ էն պայծառ երկնքին, է՛նտեղ, է՛նտեղ էն մեր սիրելիքը, մեր ազիզ բարեկամքն ու ազգականքը մեզ սպասում։ Միտք արեք՝ թե գլխըներդ ցավի, ո՞վ պետք է ձեզ մեկ ջան ասի, հիվանդ ըլիք, ու՞մ կռան վրա պետք է քնիք, լաք՝ ո՞վ ձեր արտասունքը կսրբի։ Մեռնիք, ո՞վ ձեզ կթաղի։ Մեր սուրբ լեզուն պետք է հարամ լեզվի հետ փոխենք․ մեր սուրբ պատարագն ու ժամը թողանք, ազանի ձենին անկաջ դնենք, մեր սուրբ մեռոնը մոռանանք, մեր խաչ ավետարանը մտքից հանենք, Ալուն, ղուռանին հետևինք։ Մտի՛կ արեք սրանց էս դժոխք, ժանգ մրրած, կեխտոտ երեսին․ դժոխքը սրանից լավ կըլի՞․ սրանց աչքերիցը կրա՞կ չի վեր թափում։ Վայ մեր գլխին ու արևին, էնքան պետք է խղճանանք, որ մեր հորնըմորը սպանողներին, մեր ժամն ու աշխարքը քանդողներին նոքար դառնանք։ Ա՜խ՝ թե էս փուչ փառքիցը խաբվինք, էս անպիտան պատժիցը վախենանք, ու մեր սուրբ հավատն ուրանանք, որ մեռնինք, ի՞նչ երեսով պետք է գնանք մեր ծնողաց մոտը, ի՞նչ աչքով պետք է նրանց նայենք։ Ասենք՝ թե էս աշխարքումը նրանցից զրկվեցանք, բաս չե՞է ուզիլ, որ երկնքումն էլա նրանց հետ միանանք, նրանց երեսը տեսնինք, նրանց սերը վայելենք»։

«Չէ՛, չէ՛, մեռնինք միասին, երթանք միասին, հասնինք մեր ծնողաց փառքին, պսակին։ Երկինքն մեզ համար է իր սիրտը բացել, հրեշտակը մեր գլխին թևները փռել, նահատակը, կուսանք, սուրբք և մարտիրոսք մեզ ձեն են տալիս, մեզ կանչում ամոք։ Նրա՛նց մոտ գնանք, նրանց սիրուն մեռնինք, մեր մարմինը տանք, որ հոգով ծաղկինք։ Ձեզ մոտ ենք գալիս՝ ծնողք սիրելիք, ձեր տեսուն կարոտ՝ դուք միշտ պաշտելիք՝ ձեր արդար կաթը, ձեր սուրբ խրատը, մենք կմոռանանք, որ մտնինք կրակը։

Արի՜ երկնային հրեշտակդ լուսեղեն՝ տա՛ր մեր աղաչանքն Աստծուն էս կողմեն։ Բարո՛վ մնաք՝ դուք լերի՛նք, հող, աշխար․ բարով կացեք դուք՝ ծառք ու ձորք, անտառ։ Մենք չէինք արժան ձեր սուրբ երեսին, մեր ոտն անիրավ դիպավ ձեր դոշին։ Քանի՞ցս ձեր պտուղն, ձեր համն ու հոտը, ձեր շվաքի տակին՝ ձեր ծաղիկն, խոտը մենք հարամ ձեռով քաղեցինք, առանք։ Կոխեցինք ձեր սուրբ երեսն ու դոշը․ ձեր ղադրն ու խաթրը մենք բնավ չիմացանք։ Աղբրի գլխին, առվի ղրաղին, սիրելյաց միջին, ծնողաց գոգին՝ սեր վայելեցինք, մեր օրն անց կացրինք։ Աստղերն մեր գլխին քաղցր ծիծաղեցին, լուսին, արեգակ իրանց լիսը տվին․ թռչունք երգելով,