Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/140

Այս էջը հաստատված է

ծաղիկք հոտ տալով՝ մեզ քնացրին, մեզ զարթեցրին, բայց ա՜խ՝ անիրավ մեր ձեռն, երեսը քնով ծածկեցինք, ձեզ մտիկ չարինք։ Քո սուրբ հողին՝ մեր քաղցր Հայրենիք՝ ծունր չդրինք, մենք չպաշտեցինք, սիրուն վաթանին մենք կյանք չտվինք, մեզ մատաղ չարինք, մենք չսիրեցինք։ Թշնամուն հիմիկ մենք եսիր դառանք. թե որ ուզենան էլ որ տան մեզ կյանք, էլ չի հարկավոր, դո՛ւ ա՛ռ մեր հոգին՝ ո՛վ բարի հրեշտակ՝ որ կաս մեր գլխին»։

«Մնացե՛ք բարով՝ հողեր ու դաշտե՛ր, ա՜խ՝ թող վայելեն ձեր սերն ուրիշներ, Վարդանի աչքը, էս մանկանց ոտքը էլ ձեզ չեն տեսնիլ, ձեր վրեն շրջիլ, ձեր հոտովն զմայլիլ, ձեր գրկովն փարվիլ։ Ո՛չ հոր ոտ կգա մեր գերեզմանը, ո՛չ մոր արտասունք կթափի մեր տանը. ո՛չ ժամ, պատարագ, ո՛չ խունկ, կամ բաժակ՝ մեր հոգուն տվող կըլի մեկ ժամանակ։ Ո՛չ քիր ու ախպեր կգան մեր քովը, ո՛չ մեկ անցկենող կըլի մեր մոտովը. մեր ծնողաց մարմինը՝ մեր գեղի չոլումն, մեր փուչ ոսկոոներն էս օտար հանդումն՝ չեն միմյանց տեսնիլ, իրար հետ թաղվիլ․ նրանք գազանի, մենք գիլի, ղշի փայ կըլինք, մեզ վրա մեկ ասող չի ըլիլ․ Աստված ձեր հոգին միշտ լուսավորի, իր սուրբ երեսին արժանի անի»։

«Կըլի՝ որ դուք մեկ էլ եդ հոտ տալիս, գարունքը գալիս, դաշտերն ծաղկելիս՝ մեր երեսին էլ ծաղկիք, կանաչիք, մեր հողիցն էլ դուք դուս գաք, զարդարվիք, ձեր ցողն մեզ վրա թափեք, հովացնեք, ձեր հովն մեր դոշին փչեք, զովացնեք, ձեր պարզ ջրի հետ մեր արինը խառնեք, մեր տված շունչը առնիք ու պահեք, ձեր քաղցր հոտի հետ երկինքն ուղարկեք։ Ա՜խ՝ թե մեկ ճամփորթ էս կողմովն անցնի, ձեր միջին վեր գա ու էստեղ քնի, ձեր հոտն առնելիս, ձեր ջուրը խմելիս, բալքի թե հոգին իմանա, ասի, միտքը բերի՝ թե էս էն դաշտերն են, որ էս օր մեր՝ չար թշնամու ծառեն ուզում ա, որ մեզ խաչին մատաղ տա, մեր ջանը խլի, մեզ անի զիմա։ Ի՞նչ կըլեր՝ ա՜խ՝ որ մեկ օրհնած հողում, մեր ազգ ու տակի, սիրելյաց միջումն մեր հոգին տայինք, նրանց խառնըվեինք»։

«Ա՜խ՝ խա՛չ զորավոր՝ քո հրաշքիդ ղուրբան․ մինչև ե՞րբ մեր ազգն, աշխարհն Հայկական՝ էսպես կտանջվի, էսպես կմաշվի, էսպես կքանդվի, էսպես կխաշվի։ Խա՛չ՝ քեզ պաշտողին ընչի՞ չես պահում, խա՛չ՝ քեզ բռնողին ընչի՞ սպանում, քեզ անարգողին էսպես ղվաթ տալիս, քեզ պարսավողի սիրտը ո՛չ խրվիս։ Ա՜խ՝ տեր իմ Աստված՝ թե մենք առաջիդ մեղավոր էինք, քո պատվիրանիդ չհնազանդեցանք, անիրավ էինք, մեզ սպանեիր, ընչի՞ մեզ թողիր, մեր խեղճ ծնողացը թրի տակ տվիր․ մեզ կրակ տվին, ընչի՞ չէրեցիր․ թողիր՝ որ էսպես տանջվենք չարաչար, անհեր ու անտեր, անմեր, անհավար մնանք էս չոլումն, գազանաց միջումն, մեր լաշը թռչնոց, մեր արինը հողին մատաղ տանք, մեր ջանն դնենք էս գետին։

Մնացե՛ք բարով՝ այ մեր խեղճ ազգ Հայ, էլ մի լաք, ողբաք, ցավիք մեզ վրա։ Սրբեցե՛ք աչքներդ, տեսե՛ք մեր հալը, էլ ի՞նչ օգուտ մեզ ձեր սուքն ու լալը։ Թուրը գլխներիս, մահն առաջներիս, կրակն էրելիս, շամփուրն ծակելիս, բոցն խորովելիս, մեր հոգին տալիս, մեր կեսն փոթոթված, կեսն անձող դառած, մեր ոտներն մոխիր, շնչերս կրակված, մեկ ձեռը կտրած, մյուսը քերթած, պղինձն գլխըներիս, քարփիչն ոտներումս,