Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/141

Այս էջը հաստատված է

սրտներումս արին, արտասունքն աչքումս․ ո՛չ երկինքն փուլ գա, ո՛չ հրեշտակ տեսնի, ո՛չ դահիճն ցավի, ո՛չ երկիրն ճղվի։ Դուք ո՞ւր եք լալիս, որ մենք չենք լալիս, դուք ո՞ւր մղկտում, որ մենք չենք խնդրում։ Պահեցե՛ք ձեր սուքն սև օրի համար․ ձե՛զ վրա լաց էլե՛ք, ու տեսե՛ք ձեր ճար։ Մենք մեր ծնողաց[1] հետ կմիանանք, էս օր նրանց տեսուն մենք կարժանանանք, էս դառն աշխարքիցս կհանգստանանք, դրախտը կերթանք ու միշտ կխնդանք։

Բայց վա՜յ ձեր օրին, ձեր օղլուշաղին, թե դուք կենդանի կանգնիք՝ ձեր աչքով տեսնիք սիրելյաց տանջանքն՝ մղկտալով․ ձեռներդ խաչած՝ ձեր դոշը ծեծելով հող տաք ձեր թաղեք ձեր որդին, ձեր սիրտը հանողին, կյանքը քանդողին եսիր դառնաք ու էլի չպրծնիք, էլի միշտ տանջվիք ու ձեր հողի վրա դուք մատաղ ըլիք ձեր աշխարքումը էսպես դուք մաշվիք ու դեռ սիրտ չանեք, դուք չմիաբանիք, մեկ օր էս սուր, թուրն, էս կրակն ու բոցը, էս պղինձն, շամբուրն, էս վառ հնոցը դուք ձեր թշնամուն միշտ հազիր չպահեք, նրան դուք չէրեք, նրան չկոտորեք, ձեր ազգն, աշխարքը դուք ազատ չանեք ու էսպես թշվառ, տարաբախտ մնաք։

Մնա՛ք դուք բարով․ տարեք ձեր որդոցն մեր կարոտ սերը, մեր ազիզ բարովն, պատմեցեք նրանց մեր խեղճ օրերը․ թո՛ղ պահեն նրանք իրանց գլխըները․ էս օրին չհասնին, էս ցավը չտեսնին, տան իրանց կյանքը ու պահեն աշխարքը․ մնա՛ք բարո՜վ․ բարո՜վ․․․։

Վա՜յ․․․ վա՜յ․․․ ա՜խ․․․ նա՛նի ջան․․․ բա՛բի ջան․․․ Աստված՝ քե՛զ ղուրբան․․․ ամա՜ն․․․ ամա՜ն․․․ ամա՜ն․․․ մեռա՜նք․․․ էրվեցի՜նք․․․ խորովվեցի՜նք․․․ ամա՜ն․․․ վա՜յ․․․ Հրես պրծա՜նք, հրես էկա՜նք․ ո՜վ Վարդան նահատակ, սուրբ ծնողք՝ ձեր զավակք գալիս են, մոտ էկեք, կյանք տվին, մահ առան, ձեզ չթողին, ձեր հավատն, ձեր սուրբ խաչն չուրացան։ Թրի բերնին, վառ կրակին, տանջանքին դիմացան»։

«Փշրեցե՛ք, ջարդեցե՛ք, ոտն ու ձեռ կտրեցե՛ք։
Առաջ փորն, հետո գլուխն էրեցե՛ք, շամփրեցե՛ք։
Մատները հաղըհան, ձեռները կաշըհան
Արե՛ք, մեջքն կրակին դեմ արե՛ք, խանձեցեք։
Կտրած ձեռն, ոտն ու մատն եղումը դաղեցեք։
Ով շուտով սպանի, իր գլուխը կթռչի։
Ուսուլով ու յավաշ կամ կաշին հանեցե՛ք։
Կամ գլուխը քերթեցե՛ք, կամ աչքերն[2] փորեցեք։
Թո՛ղ՝ ոտներն էրվելիս՝ աչքը տեսնի, սիրտն էրվի․
Թո՛ղ ձեռներն կտրելիս՝ բալքի թե ահ ընկնի
Սիրտները ու դարձ գան, մեր հավատն ընդունին։
Խաչը թողան, ղուռանին գլուխ տան, մերն ըլին»։
Հասան-խանն անիրավ՝ էս հրամանն ասելով՝
Կրակին էր տալիս սուրբ մանկանցն՝ տանջելով։
Բայց արդարքն՝ վաղուց էր՝ տվել էին սուրբ հոգին,
Սուրբ արյան պատարագն նվիրել երկնքին։

  1. [տեսուն]
  2. [հանեցեք]