Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/149

Այս էջը հաստատված է

եդը ինչ Քանաքռու հալն էր՝ Աստված ոչ նշանց տա։ Սուք ու շիվանն ընկավ գեղը․ տուն էր՝ որ քանդում էին, մարդ էր՝ որ փեդ ու միս էին արել, փախածներին պտրտում, նրանց հերնը մերը, օղլուշաղը թրի տակ արած՝ մեկ սհաթի միջումն որի շլինքը թոկ քցած, որի ձեռները եդևին կապած՝ ոչխարի պես առաջ արին, որ տանին սարդարի դուռը։

Որդի էր առաջները գալիս, որ հոր ճտովն ընկնի ու իր վերջին բարովն առնի․ աղջիկ էր մոր դոշին ընկնում, որ հոգին տա, հարսն էր մեջ ընկնում, փեսա էր ոտըներովը փաթաթվում, որին թրով էին յարալու անում, որին թվանքի ոռքով ջարդում։ Քար էր ընկնում ձեռըները, վրներն էին քցում, փեդ էր պատահում՝ գլխըներին խփում։ Շատին էլ տան սներիցը կապել՝ էնպես էին չիփ չփլախ ոտին, գլխին վեր հատում, որ մեկ ձենը երկինքն էր հասել, մեկը գետինը։ Սաղ գեղը պոկ էր էկել․ որը գլխաբաց, որը բոբիկ ոտով, որը յարալու, որը կուռը կոտրած՝ արնաթաթախ, երեսը պռճոկելով՝ գլխին, դոշին տալով, որը ջուրն էր ուզում ընկնի, որը քարափնըվեր։ Քեդխուդեքն էլ հո՝ ձեռ ձեռի կապած՝ էնքան ոտի, թվանքի տակ էին ընկել, որ ջանըներումն էլ սաղ տեղ չկար։

Էս հալին մտան Երևան, գնացին բերդը։ Կնանոնցը քարով, փեդով դեն արին, մարդքերանցը ներս քաշեցին ու անկուշտ Երևանի բերդը ատամները սրեց, որ էս նոր էկած ղոնաղներին էլ փորումը լավ տեղ տա, մարսի։ Երկար վախտ դեռ նրանց ձենը բերդիցը, կնանոնցը դրսիցը իրար էին հասնում, իրար գլուխ լալիս, մինչև քամին բոլորի ձենն էլ կտրեց, աշխարք դինջացավ, դահիճքը կատաղեցին։ Էս միջոցին խաբար հասավ Սահակ Աղին։ Էս Երևանու Հայերի փրկիչը՝ որ ազգով, պապով էնքան հոգի, տուն ազատել էին բանդից, մահից, սրից, թրից, որ թիվ ու համար չկա։— Ձին թամքած՝ տանը հազիր էր․ թռավ ձիու քամակը ու նոքար, բեքար առաջն արած՝ է՛ն սհաթին հասավ բերդի դուռը, որ կնիկ օղլուշաղ՝ քար, հող ուզում էին պոկեն, գլխըներին տան. բայց քարն էնքան անիրավ չէր, որքան անաստված ֆառաշները։ Ձին որ չքշեց մեկի վրա ու ղամշով գլխին տրաքացրեց, տասը տեղ գունդ ու կծիկ անելով մնաց քամակի վրա ընկած։

«Հենց է՛ն սհաթին փորդ վեր կածեմ, ասեց, սատկած շուն, քո ի՞նչ հադդն ա կնիկարմատի ձեռ վրա բերես։ Կապեցե՛ք էդ շներին․ հենց էս սհաթին դրանց թոզը քամուն տալ տամ, դրանց սոյին նա՛լաթ»։ Էս խոսքի վրա նոքարները էլ վախտ չի կորցրին։ Վրա թափեցին ու հենց էն ա՝ էստեղ, էնտեղ շատին բոզմիշ արել, ուզում էին ոտ ու ձեռ կապեն, որ բիրդան Սվանգուլի-խանը բերդիցը դուս էկավ։ Թուրքերի միջին՝ կարելի է մեկն էլա էնքան Հայի թասիբը չէր քաշում, ինչքան էս օրհնած Խանը։ Նրան էլ որ էն դհիցը դուս գալիս չտեսան՝ Թուրք, Հայ մնացին փեդացած, կանգնած։− Բայց ո՞վ էր կարող էս հադաղին էն նաչար, ջրատար եսըրների օղլուշաղի ձեռ ու ոտ կապիլ։ Հարայ տվին ու ընկան ձիու ոտը. «Խա՛ն՝ գլխովդ ման տանք, ոտիդ հող դառնանք, մեր ձեռն ա քո փեշը․ վերևումն Աստված, ներքևումը դու՝ մեզ տար, ջուրն ածի՛ր, մեզ էս տեղ սպանի՛ր, սուրը քաշի՛ր, ձիուդ ոտի տակին մատաղ արա՛, մեղ մի ճար արա՛»։

Բարեսիրտ Խանը ձին եդ քաշեց, ֆառաշներին ղամշելով՝ դեն արեց, որին իսկույն վեր քցիլ, բերանը հող ածել տվեց, որի ատամներն ու