Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/15

Այս էջը հաստատված է

և ոչ մեկը այս բանը չի կռահել։ Մի այլ օրինակ. «Ղոչաղ» բառի «չ»–ն տողի վերևում գրված լինելու պատճառով «ղոնաղ» ձև է ստացել, որի հետևանքով «ղոչաղ տղերքը» արտահայտությունը վերծանվել է «ղոնաղ տղերքը»։ Այստեղ դարձյալ դրությունը կարող էր փրկել ուշադիր ընթերցումը, որպեսզի հասկացվեր, որ տվյալ կոնտեքստում կարող էր խոսք լինել միայն «ղոչաղ տղերքի» և ոչ «ղոնաղ տղերքի» վերաբերյալ:

Սակայն հազիվ թե հնարավոր լինի ասել, որ «Վերք»-ի տեքստի մեխանիկական ընդօրինակությունը առանձին հոգատարությամբ և բարեխղճությամբ է եղել կատարված։ Հակառակ դեպքում ի՞նչպես կարող էր պատահել, որ ձեռագրում միանգամայն ընթեռնելի կերպով գրված «թաղերն» վերծանվեր «բաղերն», «փիանդազ» բառը փոխարինվեր ոչինչ չնշանակող «քյանդազ», «կես սհաթ չքաշեց» արտահայտությունը դառնար «կես սհաթ անց չքաշեց», այն դեպքում, երբ ինքնագրում «անց» բառը միանգամայն պարզ և տեսանելի կերպով ջնջված է, ի՞նչպես կարող էին «դժար» և «ատամ» բառերը միանալ, կազմելով «դժարատամ» անիմաստ բառը և այլն։

Այնուամենայնիվ հեղինակի տեքստը «ուղղելու» որոշ փորձեր արվել են, սակայն այդ փորձերը ոչ միայն դրական արդյունքի չեն հանգեցրել, այլև եղած թերությունների վրա ավելացրել են նոր թերություններ։ Այսպես, օրինակ, իրենց տեղում միանգամայն ճիշտ գործածված՝ «շուչը» (մեղք) բառը փոխարինվել է «շունչը» բառով, «բիրադի» բառը «բիրդան» բառով, «անհոգի» բառը՝ «ահագին» բառով, «թուրքը» փոխարինված է եղել «թուրը» բառով, «դուք միշտ պաշտելիք» արտահայտությունը՝ «դուք միշտ պաշտել էք» արտահայտությամբ և այլն, բազմիցս խեղաթյուրելով հեղինակի մտքերը։

Առանց վերացնելու «Վերք Հայաստանի» վեպի հրատարակության ասպարեզում անցյալից եկող այս ակնառու թերությունները, անհնարին էր իրականացնել այդ երկի անթերի հրատարակությունը։ Որքան էլ այդ տարօրինակ է, բայց և այնպես փաստ է, որ «Վերք Հայաստանի» վեպի վերջին երկու՝ 1939, 1940 թ.թ. հրատարակությունների ժամանակ բոլորովին էլ հաշվի չեն առնված անցյալ հրատարակությունների այդ աղաղակող թերությունները։ Հետևանքը եղել է այն, որ «Վերք»-ի նոր հրատարակություններում համարյա նույնությամբ կրկնվել են նախկին հրատարակությունների սխալները։ Դեռ ավելին, ոչ միայն նոր հրատարակությունների մեջ չեն հաղթահարվել տրադիցիայի ուժ ստացած այդ սխալները, այլև եղածների վրա ավելացել են մի շարք նորերը։