Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/154

Այս էջը հաստատված է

չոփերն էին մնացել տեղ տեղ ցից, ցից կանգնած։ Երկինք՝ աչք ու ունք կիտած՝ իր չարխը պտտում էր. հանդարտ լուսինը ամպերի տակիցն մեկ երեսն հանում, շհանց տալիս, մեկ էլ ծածկում, կորչում էր։ Գերեզմանատունն էնքան սարսափելի չէր ըլիլ, ինչպես էս յաբանի չոլը։ Ամեն մեկ սարի արանքից կամ քարի տակից՝ դժոխքի ձեն էր գալիս։ Գել, չարխալ, արջ մեկ կողմից, դառնաշունչ բորյազը, որ էս տեղ օրը ճաշին մարդի աչք ու բերան կալնում, խեղդում է, մյուս կողմիցը՝ Սանդարամետը բաց էին արել, սար ու ձոր իրար գլխով տալիս։ Ամեն մեկ քար, ամեն մեկ թուփ նրանց աչքին դև էր դառել, ու ձին՝ մեկ ոտը խփելիս, կամ փռնչալիս՝ քարերն ուզում էին ճաքին, ձորերը տրաքին։ Աղասին՝ նաֆասը փորն ընկած՝ որ բազի անգամ ա՜խ չէր քաշում, ու ոտին գլխին անում, գետինն ուզում էր պատռվի, ընկերներին խոր տանի։ Նրա հավատարիմ շունը գլուխը նրա ոտի տակը դրել՝ մնացել էր փեդացած։ Ձին էլ բերին, գլխավերևը կապեցին, որ բալքի նրա շունչն էլա՝ Աղասուն մեկ ճար անի։ «Ջա՛նիդ ղուրբան՝ Ա՛ղասի՝ էս ի՞նչ օրն ես ընկել, մեր աչքը պտեր դուս գար, որ քեզ էսպես չտեսնեինք, էս ի՞նչ ա քո հալը»։ Ասում էր ջիվան Մուսեն ու գլխին տալիս, երեսն երեսին դնում, ձեռը դոշին, դամարի տալն ու ջահի տաքությունն էլ որ չէր տեսնում, գլխին կրակ էր վառվում։

Էն մեկել տղերքն էլ ձիանոնցը ջուր տվին, ձեռները քամակներին քսեցին ու էլ եդ թամքեցին, լգամները բերանները տվին։ Թվանքների, փշտովների ոտներն էլ քաշեցին, աղզոթին թազացրին, ու ամեն մարդ՝ իր ձիու լգամը ձեռին՝ էկան Աղասու չորս կողմը կտրեցին։ Աչքըներիցը արտասունքը գետի պես էր վեր թափում։ Հորնը մոր դարդը մեկ կողմից, իրանց սև օրը մյուս կողքից՝ իրանց սիրելուն էլ է՛ն հալին տեսնելիս՝ ուզում էին, քար ու քոլ պոկեն, գլխըներին տան։ Մեկ սա էր ընկնում Աղասու վրա, մեկ նա։ Մինը ձեռն էր դնում բերնին, մինը գլուխը քաշում դոշին։ «Յարադանիդ ղուրբան՝ Աստված. փառքդ շա՛տ ըլի, հենց է՛ս առավոտ ամեն աչք մեզ էր էրնակ տալիս. ի՞նչ արինք, որ մեզ էս պատժին հասցրիր։ Վա՜յ մեր խեղճ օրին՝ ա՜յ ազիզ ծնողք՝ յա՛րաբ սա՞ղ եք, թե թրի տակին մնացիք. երաբ թո՞փ ձեզ գետնին խփեց, թե զընդան ձեզ մեջն առավ, երաբ մե՞ր ցավն եք քաշում, թե ձեր սև օրը լաց ըլում։ Տեր Աստվա՛ծ՝ տեր Աստված՝ ո՞ւմ մեկ չոռ ասեցինք, որ մեր առաջն էկավ։ Ո՞ւմ մեկ ծուռն աչքով մտիկ արինք, որ մեր գլխին էսպես բարկացար։ Արյան ծովն էկել, չորս կողմըներս բռնել ա․ ո՛ր կողմն էլ ձեռն ենք ածում, կրակ է ընկնում ձեռըներս։ Էս տեղ մեր թագավորներն էին վաղ ժամանակը քեֆ անում, իրանց ամառը անց կացնում, որդեղ որ հիմիկ մենք կրակումն էրվում ենք։ Էս ժամումն էին[1] նրանք կանգնում, աղոթք անում, որ տեղ որ հիմիկ մենք՝ մեր հոգին ուզում ենք տալ։ Ա՜խ՝ ո՞ւր էն ժամանակը, ո՞ւր էն փառքը։ Ձեր հողը լիս կտրի՝ ա՜յ մեր ազգի թագավորք, իշխանք. երաբ դուք էլ միտք կանեի՞ք, թե ձեր որդիքը մեկ օր էսպես արին պետք է վեր ածեն ձեր գերեզմանի վրա։ Էս ի՞նչ չար լեզու մեզ անիծեց, որ մեր օրն էսպես սևանա, մեր աստղն էսպես թեքվի։ Ո՜վ արագահաս սուրբ Սարգիս,

  1. էինք=էին