Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/155

Այս էջը հաստատված է

ո՛վ զինավոր սուրբ Գևորգ, էլ ո՞ր օրը մեր հավարին պետք է հասնիք։ Դժոխքումն էրվում, տապակվում ենք, ախր ի՞նչ կըլի, որ մեզ մի չարա անեք։ Ա՛ղասի ջան՝ Ա՛ղասի՝ ի՞նչ կըլեր, որ ամենս էլ քո ուղուրին մատաղ էինք գնացել՝ ա՛խպեր ջան, մեր հո՛գի, մեր աչքի լիս։ Արին կապեցիր խալխի սիրտը, կրակ վառեցիր երկրի գլխին՝ ա՜յ աշխարքի աչք Աղասի։ Մեկ ճանճ էլա՝ նհախ տեղը չես սպանել, մեկ սառը խոսք քո բերնիցը չի դուս էկել՝ ա՛յ Աստուծո գառն ախպեր՝ ախր ընչի՞ պետք է Աստված քեզ էլ, մեզ էլ էս տեղը հասցներ։ Ո՞ւր գնանք, ո՞ւր, մեր գլուխը ո՞ր քարի առաջին լաց ըլինք, ո՞ր ջուրն ընկնինք, խեղդվինք, պրծնինք։ Տո մեկ՝ բերանդ էլա՝ բաց արա՝ քո ջանին մեռնինք։ Ընչի՞ ես էսպես մեզ էրում, փոթոթում։ Ի՞նչ կըլի, որ էդ սիրուն աչքդ էլ ա մի բաց անես, մեզ էսպես չսպանես։ Աշխարքն էլ ի՞նչ պետք է մեզ համար, որ քեզ չենք ունենալ։ Մեր գլուխը քեզ ղուրբան, ամենս էլ առաջ մեր արինը վեր կածենք։ Կաթն ու ծիծ մեկ տեղ ենք կերել, որ քեզանից ձե՞ռ քաշենք։ Բախտ ու լավ օր մեկ տեղ էնդուր համար ենք վայելել, որ քեզ նեղ օրը բա՞ց թողանք։ Որիս ուզում ես, վեր կա՛ց, քո ձեռովդ մատաղ արա՛․ ով երեսը եդ թեքի, շլինքը տո՛ւր՝ քո ձեռին ղուրբան. ախր մեկ խոսաս, ի՞նչ կըլի»։

Էս խոսքին բիրադի38), մեկ ձիու ոտի շփլթոց էկավ։ Երկինք, գետինք գլխըներին սևացավ, հենց իմացան՝ մեկ ամպ տրաքեց, մեկ սար գոռաց, փուլ էկավ։ Յարաղ, ասպար առան ուսըները, ամեն մեկը մեկ բուռը հող՝ սրբությունի տեղակ՝ բերանը քցեց, մեկ քարի առաջի չոքեց՝ իր մեղքը խոստովանվեց, մեկ քանի ծունր դրեց, երեսին խեչը հանեց, ժամի քարերը պաչելով՝ տեղիցը վեր կացավ, ձիու աչքերը ճմբռեց, մեջքը սղալեց, որ անկաջները սրել, խլշացրել՝ էն կողմն էին մտիկ անում էնպես խլշկոտալով, որդիանց որ ձենը գալիս էր։ Շունը ղրաղ քաշեցին, մատով, ձեռով արին, որ ձեն չհանի, ու իրանք թուր ու թվանք հազրած՝ ձիու ջիլավը քցած՝ սկսեցին պատի արանքիցը անսաս անկաջ դնիլ, որ տեսնին՝ էկողներն ովքեր են։ Տամարները ուզում էր տրաքի, ոտըների տակին կրակ էր վառվել։ Անիծած բուքն ու քամին հյուսսի դհիցն էր գալիս ու ձենը փակում։ Ուզում էին իրանց կտրատեն՝ որ չէր թողում պարզ իմանան՝ թե ի՞նչ խաբար է։

Էսպես կես սհաթ քիմի մնացին փեդացած, էլ չէին ուզում, ծպտան։ Շատ մտիկ արին, ձեն չէկավ․ հենց էն էին ուզում, որ էլ եդ տեղըները նստին, ու թվանքները վեր դնեն, ու մեկ էն կողմիցն սկսեց բերանը բաց անիլ․ «Տղե՛րք, ինչ կըլի, ըլի, տղամարդությունն էն ա, որ մարդ իր գլուխը դուշմանի ձեռ չտա։ Դուք լավ գիտեք, որ մեր մեկ Հայը՝ տասը Թուրքի բարեբար է։ Երևում ա, եդևներիցս մարդ են քցել, ման գալիս։ Թո՛ղ գան, դրանց փիրն իրանց խռով կենա։ Բոլորին յա կջարդենք, յա կջարդվինք։ Քամակ քամակի տանք, նամարդի մուհդաջ չըլինք»։

Հենց էս խոսքն էր Կարոյի բերնումը, որ բեղաֆիլ տեղիցը էրկու գազ ծուլ էլավ, թուրը դուս քաշեց ու ուզում էր, որ դուս պրծնի, ընկերները փեշիցը քաշեցին, ձեռնըները բերնըներին դրին, որ անսաս տեղը նստի, չունքի ձիանոնց ոտի թրխկոցն ու փռնչոցը էնպես մոտացավ, որ հենց բռնես՝ թե անկաջների տակին ըլի։ Բայց նրանք լավ գիտեին, թե