Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/157

Այս էջը հաստատված է

տերն ես։ Քշի՛, քշի՛, գնա՛նք․ քյաբաբի կեսն էլ քեզ կուտացնեմ»։ Ասիլն, «Յա սուրբ Սարքիս» ձեն տալն ու թվանքների ճռոցը մեկ էլավ։

«Տղե՛րք, ձեր ջանին մեռնիմ, էլ մտիկ մեք անի՛լ, մեր թուրը՝ նրանց գլուխը, էլ ո՞ր օրվա համար ենք կոխքըներիցս կախ անում»։ Ձեն տվեց աժդահա Կարոն, «Իրեքի գլուխը գնաց, սրանց փիրն անիծած»։

«Էրկուսինն էլ՝ ի՛մ թրիս մատաղ արի, ղոչաղ կացե՛ք», էն դհիցը Վաթոն գոռաց։ «Երկուսին սպանել, մնի գլուխն էլ հրես ոտիս տակին է», ասեց Վանին։ «Տղե՛րք, փախան, ձիանը նի՛ էլեք, սրանց էկած ճամփեն քոռանա․ սովորել են գեղերումը հավի գլուխ թռցնելով՝ ման գան, Հայերի արինը խմեն, սրանց տունը քանդվի։ Տղե՛րք՝ երըմիշ էլե՛ք, սուրբ Սարգսի ջանին մեռնիմ, մեյդանը մերն ա»։ Ասեցին ու վիշապի պես ընկան հարամու քամակիցը, որին ինչ տեղ հասցրին, էնտեղ փառչալամիշ արին։ Քար ու սար աչքներին լիս էր տալիս, կռըներին ղվաթ․ հենց իմանաս՝ Հայոց մեծ զորապետքը կենդանացել՝ նրանց սիրտ ըլին տալիս։ Էսպես միս ու աղցան անելով ընկան եդևներիցը։

Բայց ա՜խ՝ արինը աչքըները կոխած՝ հենց քշեցին, գնացին, էլ միտք չարին թե Աղասին ի՞նչ նեղ սհաթի միջում՝ ընկեր ա ձեն տալիս՝ ընկեր չի կա, ա՜խ ա քաշում՝ ձենը լսող, իմանող չկա։ Թվանքները որ բիրադի չճռացին, հենց իմանաս՝ թե հոգին եդ էկավ տեղը։ Վրա թռավ տեղիցը, ընկավ ձիու քամակն ու խելքը կորցրածի պես էլ չիմացավ՝ թե ո՞ւր ա գնում։ Թուրը որ մեկի քյալլին չհասցըեց, գլխի հետ երկու կտոր էլավ, ընչանք թուրը, յա ղամեն կհաներ, պարանն ընկավ ճտովն ու շատ էլ ուզեց որ ձին առաջ քշի, չէլավ, ձին տակիցը դուս թռավ, ինքը գետնին դիպավ ու չորս աժդահա տղամարդ վրա թափեցին։ Նրա շանը վաղուց էին ուզում սպանել, որ ձեն չհանի։ Բայց շունը, շունը՝ էս տիրասեր, հավատարիմ կենդանին՝ տեսնելով՝ որ իր տիրոչն՝ էլ խեր չի անիլ, ընկավ գնացածների եդևիցը։ Աղասու ձեռները կապեցին, բերանը բամբակով լցրին, աղլխով ղայիմ հուփ տվին, ու աչքդ բարին տեսնի, մյուս օրն էր թոփն ու Աղասու ջանը։

Շատ ու քիչն Աստված գիտի, թե ո՛ւր հասան, տղերքը բիրադի որ եդ դառան, գլխըներին կրակ վառվեց, երբ Աղասու շունը տեսան ճամփին։ «Վա՜յ՝ մեր տունը քանդվեց՝ տղե՛րք», ձեն տվին, «էս ի՞նչ արինք, մեր ձեռովը մեր աչքը հանեցինք․ հասնինք, գնանք․ էլ ի՞նչ ենք անում մեր գլուխը, որ նրան կտանին»։ Բայց ո՞ւր Աղասին, ո՞ր քարի տակին, ո՞ր չոլումը, յա ձորումը։ Մեկն է՛ս սարն ընկավ, մեկն՝ էն ձորը․ քարը լեզու չուներ, որ՝ ասեր, ձին իմաստուն չէր՝ որ գտներ, շունն էլ առաջներիցը վաղուց կորել էր։ Ո՞ւր գնային, ո՞ւր կորչեին, գետինն էլ՝ թե պատռվեր, ներս կերթային, որ նրան հանեն։ Լիսնյակ գիշերը շատ որ դես ու դեն ընկան, զատ չգտան, էլ եդ հավաքվեցան մեկ տեղ ու միտք արին։ Սուք ու շիվան անելու վախտը չէր։ Նրանք լավ իմանում էին, որ Աղասին՝ էն ձենի վրա՝ պետք էր որ զարթնած ըլի էլած, փորձանքի մեջ ընկած՝ որ շունր նրան թողել, էն հայվան տեղովը իրանց եդևիցը[1] վազել, որ գան, նրան ազատեն։ Էս էլ լավ

  1. [ընկած]