Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/162

Այս էջը հաստատված է

շլինքդ մեկնի՛ր․ ափու ջան՝ էդ ո՞ւր են տանում քեզ»... էս ասիլն, տեղիցը վեր թռչիլն ու թրին վրա վազիլը մեկ էլավ։ Գեղըցիք՝ իրար ջարդելով՝ դուս թափեցին, որը երեսին խաչ էր հանում, որը տեր ողորմյա ասում։ Մի քիչ որ դինջացան, էլ եդ դռնիցը անկաջ դրին, տեսան՝ որ ձենը կտրել ա, ուսուլով ներս էկան, ու վախ վախելով նստեցին։ Էլ ո՞վ կարեր հիմիկ նրանց բերնին փակ դնել։ Բոլորն էլ ուզում էին, որ իմանան՝ թե ի՞նչ ա անց կացել։ Աղասու ընկերքն էլ ճարակտուր՝ սկսեցին պատմիլ։ Քանի գլուխն էր, ո՛չինչ, էնպես բան շատ էին լսել, ինչ ժամանակ խոսքն էն տեղն էկավ, թե ինչպես կոտորեցին, փախան, հարիր բերան ձեն տվեց․ «Ջա՛նմ սան, ջա՛նմ Աղասի, օջաղի որդին, կտրիչ Հայն էդպես կըլի։ Բարիկենդան, բարիկենդան է՛ս ա. դե տղե՛րք՝ էլ մեք մտիկ անիլ, հացը հազրեցեք, սուփրեն քաշեցե՛ք, հայր Աբրահամի հրեշտակն ա էկել մեր տունը, էսպես իգիթ տղի գլխին ղուրբան գնամ, բարաքյալլա՝ տղերք՝ դուշմանի աչքն էսպես պետք է հանած։ Տեսնո՞ւմ եք՝ ա՜յ գյադեք (իր տղերքանցն է ասում) ռաշիդ տղեն սրանց նման կըլի, ուտում եք, տանը նստում։ Աֆարիմ տղերք՝ որ ձեր մեծին էսպես պահել եք, շունն է՞լ էստեղ ա»։

Մեծամարդիքը, ջահել տդերքն էս կողմից, էն կողմից վրա թափեցին, որ Աղասու ձեռին, ճակատին պաչ անեն, քյոխվեն չթողաց՝ որ քնահարամ չըլի։ Մյուսներին ուզում էին սաղ սաղ ուտեն, էնքան դոշըներին կպցրին նրանց։ «Օրհնըվի՛ էն կաթը՝ որ դուք կերել եք, էն հողը՝ որ ձեզ ծնել ա. տղեն էդպես կըլի, թէ չէ քանի լեզուդ կարճացնես, գլուխդ կախ անես, ուսերիդ կնստին, ղուղդ կքամեն, աչքդ կհանեն, ջիգյարդ վեր կածեն», ասում էին ամեն կողմից։

Սազ ու զուռնի ձենը որ վեր չելավ, գեջդանգեջ՝ Աղասին աչքը բաց արեց ու էնպես էր զարմացած դես ու դեն մտիկ տալիս, ինչպես թե նոր ըլի աշխարք էկել։ Ուզում էր էլ եդ աչքը խփի, բայց խալխը է՛նպես վրա թափեցին, որ քիչ մնաց, նրան ոտնատակ տային. փեշերն էլ էին համբուրում. ո՞ւր մնաց երեսը։ Էսպես՝ նրան էլ մեջ արին ու մինչև իրիկնապահը, ժամերի վախտը՝ էն քեֆն արին, որ աչք պտեր, տեսներ։ Ձենն ընկավ գեղըցոնց անկաջը, ով ասես՝ տուն էր ընկնում, որ նրան տեսնի, մուրազն առնի ։ Հենց իմանաս՝ ուխտ ըլեին գալիս։ Տանուտերը Ղարաքիլիսա մարդ ղրկեց կնյազի մոտ ու բանի ահվալն իմացում տվեց։ Հրաման էկավ, որ մեկ քանի օրից եդը՝ Աղասուն վերցնեն, կնյազի մոտ գնան։

Փամբակու Թուրքերը տխրել, Հայերը թև առել, ուզում էին թռչին։ Բարիկենդանն անց կացավ, մեծ պասն էկավ, Աղասին՝ քսան ձիավորով որ Ղարաքիլիսա չմտավ, աշխարք ամեն առաջն էր էկել, որ նրան տեսնին։ Հազար բերան նրան գովում, բարաքյալլա էր ձեն տալիս։ Կնյազ Ս. շատ ումուդ, շաֆաղաթ տվեց նրան ու խոստացավ էլ՝ որ բալքի մեկ կերպով Սարդարի սիրտն առնի, չունքի շատ բարեկամ էին իրար հետ։ Ինչ հարկավոր էր՝ հրամայեց, որ նրանց աան ու |աՀ մուզա յքւթ կենան) որ նրանց վնաս չհասնի։ Բայց Փամբակու Հայերը մե՞ռել էին, որ նրանց վնաս հասներ։ Էսպես՝ սաղ ձմեռը՝ քսան, երեսուն ձիավորով՝ տնետուն, գեղնգեղ էնքան ման էին ածել ու օրով, շաբաթով պահել, որ իրանք էլ էին բեզարել։ Քաջ լոռըցիք էլ որ իմացան, էլ դինջություն չունեին, սրանք էլ