Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/164

Այս էջը հաստատված է

Երաբ ծունկ ծնկի տված՝ ձեզ կասեմ․
Ա՜յ իմ խեղճ ծնողք՝ ձեր ջանին մեռնիմ։

Աչքս ծով դարձավ՝ ճամփին նայելով՝
Մեկ ղուշ որ գլխիս պտիտ ա գալիս,
Թե ե՞րբ մեկ խաբար կհասնի ինձ բարով.
Հոգոց հանելով՝ ասում եմ, լալիս։

Երաբ գետնի վրա դեռ սուք եք անում,
Ձեր կորած որդուն կարոտ մնալով,
Թե հողի տակը մտած՝ դինջանում,
Ինձ թողիք, տանջվիմ՝ ա՜խ, ո՜խ քաշելով։

Երաբ ձեր ամակն ինձ հալալ արի՞ք,
Երաբ սուրբ բերնով ձեր՝ ինձ օրհնեցի՞ք,
Ծերունի՛ իմ հայր, տարաբա՛խտ իմ մայր․
Էլ իմ հավարիս ե՞րբ կհասնի աշխար։

Էն սուրբ, անարատ կաթնին ես ղուրբան.
Ձեր լիս ձեռներին, ձեր անոշ լեզվին․
Մեկ բուռն հողի էլ ե՞րբ կըլիմ արժան.
Որ գամ ձեր հողումն, քնիմ ձեր միջին։

Էն ի՞նչ օր էր, որ ձեր քաղցր ծոցին,
Գլուխս ձեր դոշին, աչքս խուփ կամ բաց,
Ձեր սուրբ ձեռի վրա՝ երեսս բարձին՝
Կամ խաղում էի, կամ մնում քնած։

Է՛ն ի՞նչ օր էր, որ մեկ ծառի տակի
Ճոճումն ձեռներս ձեր ճտովն քցած,
Ձեր սուրբ երեսին ես համբույր տայի.
Նանիկ ասելով՝ թողեիք քնած։

Ո՞ւր էն շվաքը, էն կանաչ՝ ջրի ափը,
Էն խոտն ու ծաղիկն, էն դաշտն ու տափը,
Որ ձեր առաջին անմեղ խաղայի,
Ու ձեր բարի սիրտն խաղով բանայի։

Լալիս՝ դուք լայիք՝ ինձ հետ ցավելով,
Ծիծաղս տեսնելով, կամ ձենս լսելով՝
Կանչեիք. «Արի՛ մոտս՝ Ա՛ղասի ջան,
Երեսիդ մեռնիմ, քո ջա՛նին ղուրբան»։

Ա՜խ՝ էս խոսքերը ինձ կրակ են դառել,
Լերդս ու թոքս հիմիկ էրում, խորովում.
Ի՞նչ կըլեր՝ ես էն վախտն էի մեռել.
Ձեր շվաքի տակին, ա՜խ՝ քնել հողումն։