Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/165

Այս էջը հաստատված է

Մեկ բուռն հողի էլ կարոտ եմ մնացել,
Քարափից, թե ցած, կամ ջուրը ընկնիմ,
Ձեր սուրբ երեսը դեռ որ չեմ տեսել.
Ի՞նչպես ես հանդարտ էս հողը մտնիմ։

Նազլո՛ւ իմ՝ Նազլո՛ւ՝ աննման Նազլու․
Սիրտս խորովի՝ անունդ հիշելով․
Նազլո՛ւ իմ, Նազլու, հրաշալի՛ Նազլու,
Աղասի քեզ տա իր եդին բարով,

Սարերի դոշին, ձորերի միջին
Վա՛յ գլխին տալով քո խեղճ Աղասին,
Երեսիցդ զրկված, քո սիրովն մաշված,
Տատրակի նման փշի վրա նստած։

Լիզեմ հող, գետին, այրիմ, մղկտամ,
Կամիմ օր առաջ ախ՝ որ հոգիս տամ,
Երբ մահն մոտանա սառը թևերովն՝
Հոգիս պահանջե, որ տանի շուտով։

Էս դառն աշխարիցս մի ինձ ազատի,
Ոսկերքս գազանանց կերակուր անի․
Կամ երբ գետի ափին նստած, շվարած՝
Աչքերս նվաղին՝ թմբրած, սասանած։

Գլորի կատաղի գետի փրփրի մոտն,
Հոգոց քաշելով պարզեմ ես իմ ոտն,
Կամիմ գերեզմանս՝ որ էս ջուրն ըլի,
Էս սառը պատանն ինձ հողը տանի․․․

Կամ մեկ քարափի բաշից նայելով․
Աչքս մեր տան ծուխն հանկարծ տեսնելով․
Քո անոշ երեսն ինձ փակ մնալով․
Նազլու իմ, Նազլու՝ անոշ իմ Նազլու,
Թեքիմ ու հանդարտ գա ինձ քուն մահու,
Երևի աչքիս՝ թե անդունդը խոր
Մոտ է ինձ գրկել, տանիլ իր լեն ձոր։

Նազլու իմ, Նազլու՝ մեկ շունչս ա մնացել,
Ոսկերքս քրքրվել, աչքս խավարել․
Թո՛ղ մեկ շունչդ առնիմ, հետո հողը մտնիմ․
Դժոխքն էլ տանին, ես հանգիստ կըլիմ։

Քե՛զ եմ մնում, քե՛զ՝ քո ջանին մեռնիմ․
Հող ու գերեզման ես վրես ունիմ․
Քանց իմ սառն մարմինը էլ ի՞նչ գերեզման
Ինձ պետքը կգա, երեսի՛դ ղուրբան։