Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/169

Այս էջը հաստատված է

հանգն էի գնում՝ ուսի՛ս քեզ դնում, մեկ ձեռս բերնումս, մյուսովն քեզ խտտում, խոտ էի հնձում, քեզ ճոճումն պահում, հետդ խաղ ասում ու քեզ օրորում, պտուղ հավաքում, քեզ մեջքիս կապում, հացը բերնիցս հանում՝ քեզ դեմ անում, ծառիցը պտուղ քաղում՝ քո խաթրն առնում, հարիր անգամ գիշերը վեր կենում՝ քեզ ծածկում․ ջան, ղուրբան ասելով՝ հետդ քաշ գալիս, արտասունքդ սրբում, երեսդ համբուրում, վրեդ խաչակնքում ու աղոթք անում, կամ քեզ գիրկս առնում, հետդ քուն մտնում»։

«Հերդ զընդանում, ոտները բխովում․ Նազլուն կիսաջան՝ մահի հետ կռվում․ հենց ե՛ս եմ մենակ չոր գլուխս պահում, որ մեկ շունչդ քաշեմ ու քո սուրբ գոգումը գլուխս դնեմ ու քեզ բարով մնա ասեմ․ բարով մնա՛ ասեմ ու աչքս խփեմ, որ քո արտասունքն հեչ չտեսնիմ, քո սուքը չլսեմ։ Ա՜խ՝ այ իմ կորած որդի, ըմբրի՛ս լուսատու․ բաս քո խեղճ մերդ հեչ միտդ չե՞ս քցում․ բաս քո ջրատար հոր հալը հեչ չե՞ս հարցնում, բաս ջիվան Նազլուդ՝ որ քեզ ա ուզում, անունդ տալիս, թե աչքը բանում, քո սիրովն էրվում թե քեզ ա հիշում, շունչը բերնումը, հրեշտակն առաջին, ոտը հողումը, խաչը գլխատակին, պատանը ծալած, խունկն ու մոմն հազրած, աչքը խոր գնացած, բերանը փակված՝ լեզուն չի բռնում, որ անունդ տա․ արտասունք չունի, սիրտը հովացնի, էլ թաղաթ չունի, որ ինձ էլ չէրի։ Ոտդ ի՞նչպես ա քարերին բռնում, աչքդ ի՞նչպես ա քուն գալիս, որ մեր մեռնիլը միտդ ա գալիս, գլուխդ էդտեղ լվա՛, էստեղ չորացրո՛ւ․ մերդ քա՛ր դառնա․ Նազլուն հետդ տար, սա էլա ապրի, քեզ մխիթարի․ գնա՛, արևի՛դ մեռնիմ՝ Աղասի, արևիդ ձենն ածի․ ինձ թաղի՛ր, բայց Նազլվիդ մի թողար, մի դեն քցիր․ քեզանից ավելի սա էլ ով ունի․ քեզ ապավինեց, արի՛, սրան հասի՛, քանի շունչ ունի, տա՛ր, չտեսնիմ․ հենց քեզ տեսա թե չէ՝ հոգիս ձեզ կտամ, ես հողը կմտնիմ, ձեզ բարով կտամ․ էկե՛ք, թաղեցե՛ք, փախե՛ք, գնացե՛ք էս դառն աշխարքի՛ցս, ոտներդ քաշեցե՛ք ու ձեր անբախտ մոր հոգին հիշեցե՛ք»։

Էս թուղթը կարթալիս՝ հարիր անգամ իրանից գնաց ու էլ եդ էկավ ու սկսեց կրկին կարդալ ու ինքն իրան սիրտ դնիլ, վերջը թուղթը ծալեց, ծոցը դրեց ու մտքի ծովն ընկավ։ Իրիկնահովն ընկել էր՝ որ աչքը բաց արեց, ձեռը ծոցը տարավ, որ մոր գիրը մեկ էլ կարդա, իր սերեկանինն ընկավ ձեռը, իր Նազլվինը, ու քիչ էր էրվել, նորեն հազար խանչալ սկսեց սրտումը ցցվիլ․ շշկլած, շշմած սկսեց կարդալ։ Նրա թղթի միտքն էլ է՛ս էր։

«Երա՛բ որ սիրտս հանեմ, էս թղթումը դնեմ, երա՛բ որ բաց անես ու հազար թուր միջումը ցցված տեսնիս, կիմանա՞ս էն ժամանակը՝ թե Նազլուդ, քո ջրատար Նազլուդ ի՞նչ ցավ ա քաշում, ի՞նչ օրումն ա, ի՞նչ հալումն, իմ գլխի՛ տեր, իմ ըմբրի թագավոր՝ Աղասի։ Ո՞ր սարերն են առաջդ կապել, ո՞ր գետեր ճամփեդ կտրում, ո՞ր ձեռն ա թևիցդ բռնում, եդ քաշում՝ ա՜յ իմ թագ ու պարծանք, որ էսպես ինձ կրակում թողել ես, ինձ դժոխքը ղրկում, դու արքայությունը վայելում, ինձ սուրը քաշում․ դու ձեռներդ լվանում, ինձ դիվանոնցը տալիս, դու հրեշտակների միջին արևիդ ձենն ածում ու երեսդ էլա չե՛ս եդ դարձնում, որ ինձ հողը