Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/171

Այս էջը հաստատված է

էլա դինջանա։ Ա՜խ՝ ի՞նչ կըլեր, որ էնքան ցավը քաշեց, մեկ օր մեկ ձենն էլա իմանայի, մեկ օր մեկ խոսք էլա ասեր, որ սրտումս դարդ չմնար, ինձ էսպես չէրեր, չխորովեր։ Ա՛խ էլ որ քաշում էր, էն կրակված շունչն էր երեսիս դիպչում․ լաց էլ որ ըլում էր, էն գետանման արտասունքն էի միայն տեսնում․ մեկ աչքն էլա չէր բանում կամ գլուխը բարձրացնում, որ բալքի երեսն երեսիս առներ, աչքը աչքիս, որ մեկ սիրտս հովանար, մեկ լացը դինջանար, աչքս իրան տայի, որ ինչ արտասունք ուներ, ինձ բաշխեր, գետնին վեր չածեր․ սիրտս իրան հանեի, բաշխեի, որ բոլոր ցավն ինձ տար, ես էլ անկորուստ էսօր քեզ ամանաթ տայի, որ քանի տեսնիս, իմանաս՝ թե քո խեղճ, անճար Նազլուդ քո սիրովդ մեռավ, քո կարոտովն գետինը մտավ, որ քանի նրա անունը տաս, հրեշտակ էլ որ ըլի, էլ թամահ չանես, էլ էն բարձի վրա ուրիշ գլուխ չդնես, օրի վրա որ քո հարազատ Նազլուդ հոգին տվեց, որ էդ դոշդ էլ ուրիշի դեմ չանես, որ Նազլվի ջանը հանեց, էդ լեզուդ էլ ուրիշի ջան չասի, որ Նազլվին կրակ դառավ, էրեց»։

«Չէ՝ Ա՛ղասի ջան՝ թե քո մերն եմ, ասածս արա՛, քանի Նազլվիդ գերեզմանն աչքովդ ընկնի, քանի քնից վեր կենաս, երեսդ երկինքը քցես, կամ իգին մտնիս, ծաղկըներդ ջրես, կամ պտուղ քաղես, դոշդ բա՛ց արա, նրա անունը տուր, նրա գլուխը լա՛ց իլ, թուփ չկա՝ որ նրա արտասունքը տեսած չըլի, քար չկա՝ որ նրա դոշին չըլի դիպել, ծաղիկ ու թուփ չկա՝ որ նրա գլուխը չըլի խտտել, սուքը տեսել, հետը սքացել, սրտի ծուխը մեջն առել ու թառամել, չորացել, որ նրա կսկիծը չտեսնի, ձենը չլսի։ Թե իմ կաթն ես կերել՝ Ա՛ղասի ջան՝ թե իմ ձեռին մեծացել, քանի շունչդ բերնումդ ա, ոտդ վրեդ, արի՛, արի՛, էս սուրբ հողի վրա կանգնի՛ր, ինձ էլ նրա հետ թաղիր ու հետո Աստված քեզ հետ։ Քանի որ կենդանի եմ, թուր կցցեմ սիրտս, աչքս կհանեմ, ուրիշի էլ հարս չեմ կարող ասիլ, ուրիշի էլ մեր չեմ դառնալ․ ինձ էլ աչքալիս չի՛ հարկավոր, չի՛ հարկավոր, իմ աչքիս լիսն էլ էր սա, իմ օր ու ումբրս էլ, որ կորավ, փչացավ, սրա կախած տեղը թե ուրիշի ոտ ա դիպել, հոգիս կտամ․ սրանից եդը աշխարքս ջավահիր էլ դառնա, էլ ո՞ւմ աչքը կգա, ո՞վ թամահ կանի։ Մեռնելիս էլ՝ անկաջումն էն եմ ասել, գնա՛՝ իմ ջանի հանող՝ քանի շունչս վրես ա, Աղասին էլ՝ կարմիր չի կապիլ, էլ ձեռները հինա չի դնիլ, նրա հինեն վաղուց քամուն տվի․ մե՛կ բարձի գլուխ դրիք, մեկ հողում պտի քնիք, ինձ էլ միջըներդ առնեք, որ ձեր սերը գերեզմանումն էլ տեսնիմ, երկինքումն էլ վայելեմ, ձեզ օրհնեմ, ձեզ որդի ասեմ ու Աստծուն՝ ինչպես առա, էնպես ամանաթ տամ»։

«Գերեզմանի ղրաղին կանգնել եմ, քեզ եմ կանչում, Ա՛ղասի ջան, ձեռս ու դոշս բաց եմ արել, քե՛զ եմ կարոտ՝ ջանիդ ղուրբան։ Հողն իմ ձեռովս եմ առել, որ երեսիս քցեմ, քո մատաղդ գնամ․41) պատանս ես եմ կարել, որ մեջը մտնիմ․ Նազլո՛ւն չարդ տանի․ խունկս ու մումս ու ժամոցս՝ իմ ձեռովս եմ տվել՝ ա՛նումիդ մեռնիմ, էլ ժամ կամ պատարագ, տերտեր կամ բաժակ՝ ինձ չի հարկավոր, երեսս ոտիդ տակը։ Հազար անգամ հրեշտակիս ոտն եմ ընկել, եդ դարձրել, որ մեկ էլ ձենդ լսեմ էս քառացած անկաջովս․ մեկ էլ երեսդ տեսնիմ էս խավարած աչքովս, մեկ էլ էդ սուրբ ձեռդ էս քարացած դոշիս կպցնեմ, մեկ էլ էդ ազիզ պատկերը էս հող դառած