Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/172

Այս էջը հաստատված է

երեսիս դնեմ ու էս էրված, խորովված, քրքրված հոգիս ու շունչս քեզ տամ՝ Աղասի ջան. բաս սիրտդ էնպես մեռել, փեդացե՞լ ա, որ էլ ինձ չե՛ս սիրում։ Ա՜խ՝ ի՞նչ անեմ, ի՞նչ ասեմ, սիրտս լիքը, ձենս կարճ, տեղդ հեռու, ո՞վ մեր դարդին ճար կանի»։

Ողորմելի աղջիկն էլ չէր կարացել իրան պահի. կեսուրն էլ էն վախտը վրա հասավ, որ էսպես փեդացել, վեր էր ընկել, ձեռիցը բռնեց՝ դողդողալով տուն տարավ ու տեգորը խնդրեց՝ որ գնալիս՝ էս բայաթին էլ մեկ աստվածասերի գրիլ տա, հետը տանի, որ Նազլուն վաղուց իրանից հանել էր ու ամեն օր սքալով ասում։

Նազլվի սուքը

Գարունքը բացվել ա, դաշտեր կանաչել,
Ծառերը ծաղկել, սարեր զարդարել.
Բլբուլն իր վարդի սիրովն կշտացել.
Հենց ես՝ ա՜խ՝ սիրույդ կարոտ մնացել։ Ա՜խ՝ կարոտ...

Ինչ քար տեսնում եմ՝ դո՛ւ ես առաջիս,
Ինչ խոտ կոխում եմ՝ դո՛ւ միտս գալիս.
Աղբրի ջուրն էլ քո՛ համն ա տալիս.
Հանդի ծաղիկն էլ՝ իմ օրը լալիս։ Ա՜խ՝ օրս լալիս...

Աչքիս լիսն էլ՝ ա՜խ՝ լալով փչացավ,
Ա՛խ ո՛խ քաշելով լերդս չորացավ.
Ո՞ւմ սիրտս բանամ, ո՞ւմ ասեմ իմ ցավ,
Ասեմ էլ երաբ, ո՞ւմ սրտին կտա ցավ։ Ա՜խ՝ կտա...

Չե՛մ ուզում աչքս երկինքը քցեմ,
Լիսնյակն, արեգակն ինձ հավար կանչեմ․
Սի՞րտ ունին նրանք, որ իմ դարդս ասեմ.
Արի՝ արեգա՛կ իմ՝ քե՛զ կարոտ եմ։ Ա՜խ՝ քեզ...

Երաբ քո սիրտն էլ հետս ցա՞վում ա.
Երաբ անունս միտդ գա՞լիս ա.
Թե չոր քարերը ձենս ու սուքս լսում,
Ո՛չ հետս խոսում, ո՛չ սիրտս առնում։ Ա՜խ՝ սիրտս․․․

Էդ սուրբ երեսդ՝ մեկ էլ ես տեսնիմ.
Մեկ էլ մոտիդ նստիմ, մեկ ճտովդ ընկնիմ.
Թող էն ժամանակն ես տամ իմ հոգին.
Մեռնիմ արևիդ՝ էդ ոտիդ տակին։ Ա՜խ՝ ոտիդ...

Նազլվիդ աչքը ճամփին մի՛ թողար․
Նազլուդ մի՛ սպանիր, Նազլուդ ջրատար
Քեզ ղուրբան ըլի, հասի՛ր նրան հավար,
Հասիր՝ հողը դիր, հոգին հետդ տար։ Ա՜խ՝ հետդ...