Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/173

Այս էջը հաստատված է

Ա՜խ՝ ա՛յ իմ Աստվածասեր կարդացող՝ քար ըլեր, էս խոսքերը կպատռեր, ո՞ւր մնա մարդ, էն էլ Աղասին, որ սիրտը բարակել, փոշի էր դառել։ Բայց մարդիս հոգին խոր ա, ջիլը կակող, քանի ձգվում ա, բարակում է ու հանկարծ կտրվում։ Լեն օրին ա մարդ՝ շատ անգամ իրան մոռանում, թե չէ նեղությունը միայն հոգին մաշում է, բայց շուտով չի հանում։ Աղասու էսքան էրվիլն ու տանջանքը, որ տեսնում էին փամբակեցի կտրիչ Հայի տղերքը, խոսքը մին արին, որ գնան թաքուն մորն ու կնկանը փախցնեն, բերեն, բայց խելոք մարդիկ խորհուրդ չտեսան, չունքի խեղճ ծերունի հորը բանդումը թիքա թիքա կանեին։ Շատ անգամ վարավուրդ էին անում, որ Աղասին միտը ծռել, ուզում ա գնա հորն ու մոր հավարին․ բուսուն բռնում եդ էին դարձնում։ Էսպես տանջվելով էս ձմեռ էլ անց կացրեց, մինչև գարունքն էլի բացվեց ու Թուրք ու Հայ յայլաղ դուս էկան։ Աղասին էլ հետըները գնաց։ Աղբրների գլխին, ծաղիկների վրա օբեքը իրանց չադրները տվին ու մալն արին էն անմահական դրախտը։ Առավոտը որ տեղիցդ վեր էիր կենում, հազար սարի ծերից ամպն ու ծուխը՝ իրար հետ խառը՝ երկինքն էին վերանում ու շաղն ու ցողը անձրևի հետ՝ նրանց շորերի, երեսների վրա դնում։ Կնանիքը կթի տավարի հետ էին ըլում, կաթը հավաքում, եղ ու պանիր շինում, մարդիքը տավարը սարը տանում, կամ բուրդ ու եղ բազարը բերում, ծախում, իրանց տան պակասությունը հոգում։ Մենակ էս չէր կնանոնց գործը. ցերեկը ջահրա էին մանում, շալ ու խալիչա, կամ կարպետ գործում, ու իրանց օրը ուրախ, միամիտ անց կացնում։ Էլ ինչ ասիլ կուզի, որ տան պես՝ աղչիկ ու հարս էստեղ կուչ ու ձիգ անելով չէին ման գալիս, կամ երեսները կախում։ Մեկ տան պես, ում օբեն մտնեիր, թուշ էր՝ որ վարդի պես փայլում էր, աչք էր՝ որ մարդի խելք տանում էր։ Էն օդի ու ջրի, էն ծաղկի ու կանաչի հոտն ու համն առնողի հոգին ու ռանգն ի՞նչ կըլեր բաս։ Հայտնի բան է, որ ֆորսի, ու շատ անդամ գողի ու հարամու հետ շաբթով էին ման գալիս ջահել տղերքը ու սպանած, կամ բռնած բերած ժամանակը, մեկ հարսանիք էր ըլում բոլոր օբեքանց միջին։ Ղոնաղ պատահեր, էստեղ պատահեր։ Շաբթով, ամսով էլ չէին թողալ հեռանա, ու աղբրների քչքչոցը, ջրերի խշշոցը, ծառերի սլսլոցը, ղշերի ծլվլոցը, չոբանի թութագը, գառան, ոչխարի ու տավարի ձենն ու բառանչը՝ ամեն մարդի ուզում էին ասեն․ թե դրախտ ես կամենում, էստեղ կաց, է՛սպես կաց, սիրտդ անմեղ, միտքդ հիստակ։

Չեմ կարող ասել թե էս տեղի փոփոխությունը Աղասու սիրտը չի բաց արեց, քար ըլեր, կկակղեր, կրակ ըլեր՝ կհանգչեր, ո՞ւր մնա նրա սիրտը։ Բայց Աղասու գլխին դեռ չար հրեշտակ էր պտտում, ու ինքը ողորմելին չէ՛ր իմանում։ Շատ անգամ սարից որ օբեն չէր մտնում, հազար աչք մնում էին վրեն հայիլ մայիլ։ Իլահիմ որ իմացան նրա պատմությունը, ամեն աչք ուզում էր նրա՛ համար բացվի, ամեն բերան նրա՛ն իր շունչը տա։ Ո՛ւմ որ մեկ ծաղիկ չէ՛ր թավազա անում, աչքը արտասնքով լիքը՝ ուզում էր ձեռի տեղակ՝ սիրտը դեմ անի։ Քթի տեղը՝ հոգումը դնի նրա տված ծաղիկը։ Ով մեկ անուշ թիքա ուներ, նրա համար էր պահում․ մեկը սեր էր նրա առաջին դնում, մեկը ձվաձեղ, մեկը գաոան միս, մեկը պախրի խորոված։ Շատը նրան ղոնաղ կանչելիս՝ գառն ու ոչխար էին մորթում,