Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/176

Այս էջը հաստատված է

էսպես նրան էրում, խորովում՝ չէ՛ր կարում հասկանալ։ Նա տեսնում էր՝ որ ջիվան Մուսին մեկ աղջկա ձեն լսելիս, մեկ աղջկա պատկեր տեսնելիս՝ իրանից գնում, խելքամաղ էր ըլում, ամա էնպես կարծում էր՝ թե էս էն առաջին կրակն ա, որ ամեն ջահել մարդու սիրտ վառում, բորբոքում ա, երբ ինքն իրան ճանաչում ա, երբ արինը եռ ա ընկնում ու սար ու ձոր մարդուս աչքին յա սազ ու քյամանչա են դառնում, ուշ ու միտքը տանում, յա թուր ու դանակ[1] դառնում, սրտումը ցցվում։ Շատ օր ճտովն էր ընկնում, լալիս ու աղաչանք անում, որ իր դարդն ասի, արտասունքից ավելի ոչինչ չէ՛ր տեսնում, լացից ավելի ոչինչ չէ՛ր լսում։ Շատ անգամ սիրտը բերանն էր գալիս՝ որ իր ցավերն ասի, ամա լեզուն չորանում էր, պապանձում, երեսը կարմրատակում, չէ՛ր գիտում՝ թե ի՞նչ ջուղաբ տա, դողդողալով սարերն ու ծառերն էր նրան նշանց տալիս։ Ընկերքն էլ էին մնացել մաթալ․[2] որ մի ֆռսանգ էր ճարում,[3] էլ հաց ու ջուր միտքը չէր բերում, գլուխն առնում՝ կորչում,[4] սար ու ձոր պետք էր ոտնատակ տված՝ որ նրան մեկ տեղ քնած քթել էին։

Մեկ օր էլ էսպես Մուսին ման էին գալիս, որ մեկ քարափի տակից էնպես մեկ ձեն էկավ, որ մարդ լսելիս՝ ջանը վրեն սրսռում էր։ Քամին ձենը ձորն էր քցել, ու քարերն էին խոսքերը եդ ասում։

Բայաթու գունով

Հրեշտակ էիր, որ ինձ երևեցար, ա՜խ՝ ինձ երև<եցար,
Երկրո՞ւմն ես ծնվել՝ թե երկնքիցն էկար․
Մեկ ջան ունեի, էն էլ դո՛ւ տարար,
Ա՜յ իմ սուրբ պատկեր՝ արի՛, հոգիս ա՛ռ, ա՜խ՝ հոգիս առ։

Մեռնիմ, չե՛ս տեսնիլ, կորչիմ, չե՛ս ման գալ,
Սո՛ւր կոխեմ սիրտս, դու չե՛ս իմանալ․
Ո՞ւր կորչիմ, որ էս անողորմ չանգալն
Սիրտս չխրվի, չթողա ինձ լալ․ ա՜խ՝ չթողա։

Երազ թե քուն ինձ, ա՜խ՝ մահ են դառել․
Իմ սև օրս գիշեր, կյանքս խավարել,
Ի՞նչ պետք է անեմ, ո՞ւր եմ ապրում էլ․
Թե ոտիդ տակին մատաղ չե՛մ ըլիլ,[5] ա՜խ՝ մատաղ։

Ամպին իմ սրտիս դարդերը պատմում,
Ցրվում՝ գալիս չի՛, ու քեզ եդ ասում,
Քար ու սար աչքիս աղի արտասունքն
Էլ եդ սիրտս ածում, էլ եդ ինձ էրում, ա՜խ՝ ինձ էրում:

Քանդեցիր անմեղ իմ հանդարտ հոգին,
Կրակ քցեցիր[6] իմ ջանն ու մարմին,
Թե հրեշտակ էիր՝ ո՞ւր էն սուրն, էն կրակն,
Խրի՛ր իմ սիրտս, թափիր իմ գլխին, ա՜խ թափ<իր>։

  1. [են]
  2. [թե]
  3. [էր]
  4. [էր, որ]
  5. ըլել=ըլիլ
  6. [ջիգյարս]