Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/177

Այս էջը հաստատված է

Կգամ՝ հո՛գի ջան, կգամ քո ոտքը․
Քեզ մոտ ա սիրտս, քեզ հետ իմ միտքը.
Բայց ի՞նչ տեղ ես քո աննման դեմքը
Տեսնիմ, կատարեմ իմ տված խոսքը։

Որ ընկերքս էլ ինձ՝ ա՜խ՝ քոմակ չըլին,
Երես դարձնեն ու չըլին խոսքը մին,
Կընգնիմ սարեսար ու քո հավարին
Կըհասնիմ, դարդ չանես՝ քեզ մատաղ ըլիմ․ ա՜խ՝ ես մա<տաղ>։

Թո՛ղ մեկ էլ տեսնիմ քո սուրբ պատկերը, քո սուրբ պատկերը.
Թող մեկ էլ տա ինձ բաժակ քո ձեռը․
Մեկ շունչդ առնիմ, ընկնիմ սարերը,
Քեզ մատաղ անեմ իմ գլուխս, իմ օրը․ ա՜խ՝ իմ գլ<ուխը>։

Ասեց ողորմելի պատանին ու սկսեց գլուխը քարին դնիլ։ Արեգակն ուզում էր մեր մտնի։ Աղասին որ թաքուն եդևիցը դուս[1] էկել, մեկ թփի տակից անկաջ էր անում, սիրտը էրվում, չուզեց ողորմելու քունը խառնի, մնաց քարի վրա նստած ու աչքը իր ազիզ ընկերի աչքին քցած՝ սկսեց իր դարդերը միտքը բերիլ, իր ջահելությունը ֆիքր անել ու մտքումն ասել․ «Ա՜յ ջիվան, ջիվան տղա․ լավ իմանում եմ, ինչ թուր ա էկել՝ սրտիդ դեմ առել․ ի՞նչ կրակ ա ընկել՝ լերդդ էրում ու ջիգյարդ․ բայց ի՞նչ անեմ, ընչի՞ չես սիրտդ եդ բանում, որ մեկ քո ցավդ իմանամ, ու էլած կյանքս էլ հո ուղուրիդ մատաղ անեմ։ Ա՜խ՝ լավ եմ իմանում՝ ա՛զիզ ջան, որ սիրո թևը երեսիդ[2] քսվել, սիրո նետը քեզ էլ ա դիպել, բայց ընչի՞ չես պարզ ասում, որ գլուխս եդ դնեմ, սիրածդ գետնի տակին էլ որ ըլի՝ հանեմ, ձեզ ձեր մուրազին հասցնեմ ու ես էլ ձեր ոտի տակին հոգիս տամ։ Մեր ու նշանած գլխիս կրակ են ածում, սար ու ձոր ինձ՝ քիչ ա մնում, ուտեն, մեկ քար չունինք, որ գլխներս վրեն դնենք,[3] էլի դու՝ ո՛վ սեր, ո՛վ բնություն՝ ուզում ես ցույց տալ քո զորությունը։ Ա՜խ՝ ո՞ւր կորչի մարդ, որ քո ձեռիցը պրծնի,[4] քո ցավը չտեսնի։ Առաջ վառում, բորբոքում ես մեր սիրտը, հետո էրում, խորովում, առաջ վարդի հոտով գալիս, մեր սիրտը մտնում, հեդո փուշ ու սուր դառնում, մեզ կտրատում»։

Էս խոսքերը միտք անելիս՝ բիրադի անկաջն ընկավ․ «Հա Հռիփսիմե ջան՝ քո ջանի՛ն ղուրբան, քո սրբի անունը կտամ ու էքուց, էքուց Ղարսա սարերումն ինձ կտեսնիս»։ Աղասու էրված սիրտն էլ հենց էս էր ուզում իմանա։ Էնքան կացավ, որ սիրելին քնից կշտացավ ու իրան իրան որ աչքը չի՛ բաց արեց Մուսեն, վրա թռավ, ճտովն ընկավ, կպցրեց նրան դոշին, ու լալով ասեց․ «Ա՜խ՝ ա՛չքի լիս՝ որ սրտումդ էդպես դարդ ունիս, հենց իմանում ես քա՞ր եմ, որ ինձանից բան ես թաքցնում։ Չէ՛՝ էնպես ես կարծում, թե էս իմ խորոված ջիգյարը որ էլ սաղ տեղ չունի, քո դարդի համար էլ տեղ չի՞ քթնիլ, քո ցավը չի՞ քաշիլ, էլած շունչս ու ումբրս քե՞զ չեմ տալ։ Հենց իմանում էի՝ Աստվածանից դու բան կթաքցնես, ինձանից

  1. [էր]
  2. [դիպելա]
  3. [վրեն]
  4. պռծնի = պրծնի