Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/179

Այս էջը հաստատված է

կտանք քեզ, որ արարած աշխարհ իմանա՝ թե Հայի ազգումն էլ սիրտ կա, Հայումն էլ ռաշիդ աղամարդին Աստուծու տեղ պաշտիլ գիտեն։ Էս իրիգուն էլ գլխին ժողոված՝ մեծ ու պստիկ էլի էն էին ասում ու վրա բերում, թե որ նա իրանց միջիցը հեռանա, աշխարք նրանց համար քանդված ա, նրանց աչքն էլ արեգակին ուղիղ չի՛ մտիկ տալ, նրանց սիրտն էլ լավ օր չի՛ քաշիլ։ Քանի նրա ասած խոսքերը, նրա տեհած բաները տեսնին, կուզեն՝ որ էրթան, ջուրը թափին, նրանց օրն ու ումբրը կսևանա։ Ամեն էսպես խոսք լսելիս՝ ինչ Աղասու բերնիցն էր դուս գալիս, լեզու պետք է ըլի՝ որ պատմի, սիրտ պետք է ըլի՝ որ իմանա։ Տեսավ՝ որ անմեղ սարըցիք՝ հենց նրա բերնին են կարոտ, ուզում են՝ որ սաղ գիշերը նրա կշտիցը չհեռանան, նրա մոտին նստին։ Հա՝ շատն էլ էկել՝ գլուխը նրա գոգին էին դրել, ու երեսին մտիկ անում, ասածն իմանում․ աղչիկ ու հարս էլ չադրի դուռն ու ղրաղն էին կտրել ու ա՜խ քաշում․ տղերքանցն իշարաթ արեց՝ որ ձիանները հազրեն․ առավոտը ֆորս պետք էր գնար, գան, մի քիչ քնին, դինջանան, ամեն բան հազիր ունենան, ու ինքն էլ գլուխը թեքեց՝ որ սաքի թե աչքը կպցնի․ խալխը քաշվեցին, բարի գիշեր ասացին ու ամեն մարդ իր չադիրը գնաց։

Հենց աղոթարանը կարմրատակեց ու ամպերն սկսեցին քիչ քիչ գլխըները սարերիցը բարձրացնիլ, տղերքը ձիանը թամքեցին, յարաղ ասպար քցեցին,[1] էկան՝ չադրի դռանը կանգնեցին։ Աղասու ձին ոտին գլխին էր անում։ Սարերի ծաղկները ու ջուրը նրա միսը անկաջվն էին դուս բերել՝ էնքան չաղացել էր։ Ընչանք սարըցիք վեր կկենեին՝ որ իրանց կով ոչխար կթեն, նրանց ղոնաղները մնաք բարով ասացին,[2] ձիանոնց[3] գլուխը ծռեցին ու թռան․ աչք էր՝ որ եդևներիցը մայիլ էր մնացել․ սիրտ էր՝ որ ասում էր իր միջումն՝ երանի նրան՝ որ էսպես զավակ, էսպես փեսեք կունենա։ Սարը բարձրացան թե չէ՝ Աղասին՝ որ ման էկած սարերին ու ձորերին, իր տեսած ծաղկներին ու աղբրներին, իրան սրբի պես պաշտող անմեղ սարըցոնց օբեքանցը[4] մտիկ չարեց, խելքը թռավ, աչքերը լցվեց ու սկսեց բարակ ձենով էս բայաթին ասել։

Բարո՛վ մնաք, բարով՝ սա՛րեր ու ձորեր,
Ալվան ծաղկներ, սիրուն աղբրներ,
Որ ինձ պահեցիք դուք էսքան օրեր,
Ա՜յ անմեղ Հայեր՝ սիրուն աղջըկներ։

Աղասին բալքի ձեզ էլ չի՛ տեսնի,
Աղասին ձեր վրա՝ կըլի՝ էլ չքնի.
Ձեր հոտը չառնի, ձեր կշտովն չանցնի,
Ձեր ձենը չլսի, ձեզ կարոտ մեռնի։

Հալալ արե՛ք նրան ձեր աղուհացը,
Քանի նա ձեզ մոտ կանգնած՝ իր լացը
Ծոցն ա հավաքում[5], քանի աչքը բաց՝
Ձեր միտքը բերի, օ՛րհնի ձեր արածը։

  1. քցին = քցեցին
  2. [ու]
  3. ձիանց = ձիանոնց
  4. [որ]
  5. [որ]