Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/181

Այս էջը հաստատված է

որ ինս, ջինս, մարդ, անասուն չես տեսնում, հենց ջամդաքակեր ագռավներն են աչքերիդ[1] սևին տալիս։ Մարդ չի կա մոտիդ, որ հարցնես, գիր չես կարթացել, որ իմանաս․ մտքիդ հետ ընկած, տեսածդ՝ հրաշք կարծելով, յա աչքակապություն, որ հանկարծ գլուխդ չես բարձրացնում, ա՜խ սի՛րելի իմ Հայազգի՝ ջանդ դող ա ընկնում, կռներդ թուլանում։ Հենց իմանում ես՝ թե մեկ վիշապ, յա մեկ հարամի հենց էն սհաթին ա մտել ու բոլոր կենողներին[2] յա կուլ տվել, յա սուրը քաշել, յա գերի արել, ինքն էլ փախել։ Ուզում ես, որ աչքդ խփես, եդ դառնաս։ Ա՜խ՝ չէ՛, չէ՛, եդ մի՛ դառնալ․ էստեղանց ծուխը հազար տարի ավելի ա՝ որ կտրվել ա, կա՛ց, մի՛ վախենալ․ անշունչ քարերն[3] ու եկեղեցիքը մարդակեր չեն։ Աչքդ բա՛ց արա, սիրտդ քե՛զ հավաքի՛ր ու գլխիդ վա՛յ տո՛ւր։ Էս սրբատաշ տաճարները, էս ահագին բերդը, էս քարերը քեզ կասեն՝ թե սա է գոռոզն Անի, քո թագավորների հզոր մայրաքաղաքը, որ էնքան էր իր հարստությունովը, իր փառքովը փարթամացել, ճոխացել, մեծամտել՝ որ չոբանն էլ եկեղեցի էր շինում. ոչխարարածն էլ արծաթե նալչովը,[4] սաղրի քոշերով ման գալիս, ուզվորն էլ հացի տեղակ փլավ, ղանդ ու շաքար, սև փողի տեղակ արծաթ ու ոսկի պահանջում,[5] որ եկեղեցի մտած ժամանակն էլ էնքան էին Աստված մոռացել նրանք, որ կարճ վարդապետ գալիս, բարձր գրքակալ էին դնում, բարձր եպիսկոպոս ըլելիս, ցած գրքակալ դուս բերում, որ յա ձգվին, յա կռանան, յա չոքին, յա գիրքը չտեսնին ու իրանք ծիծաղին, Աստուծո տաճարումը քեֆ անեն։ Բայց սուրբն Հովհան Երզնկացի հանաք չվերցնելով՝ մեկ օր օրհնած բերանը բաց արեց, երկիրը տրաքեցավ, տակըվեր էլավ, խալխը ցրվեցին, փախան, որը Ղրիմ, որը Պոլշա։ Էս անշունչ քարերը մնացին ցից ցից, հազար եկեղեցուցը հինգը մնացին շեն։ Տաճարք, ապարանք, գանձ, հարստություն անեծքի փայ էլավ, հողը մտավ Հայոց ազգի մնացած փառքն էլ, ու մինչև էս օր էլ երկրի ձենը գալիս ա։ Գող, ավազակ են միջումը բուն դնում․ նրանց բանն Աստված հաջողում ա, նրանք չեն տակով ըլում, ու Աստված էնքան իր գութը Հայերիցը պակսացրեց, որ էնքան անմեղ հոգիքը, էնքան միլիոնավոր մարդիք մեկ սհաթումը մեկ սևագլխի խոսքով ջնջեց, Հայոց Տունը քանդեց, էլած փառքն էլ ձեռիցը խլեց, որ գնա էսպես երերյալ, տատանյալ մնա աշխարքիս երեսին։

Լա՛ց գլուխդ՝ ա՛նցավոր, տե՛ս՝ թե Աստուծո դատաստանը ի՞նչպես արդար է․ կարգավոր տեսածին պես՝ ոտները ջուր արա՛, խմի՛ր, որ էսպես քաղաքը անեծքով քանդեցին, ու էս օր էլ քանդողին եկեղեցումը տոնում են։ Դու չե՞ս իմանում, որ նրա անունը տաս, սուրբ աղոթքն ու բարեխոսությունն հիշես, որ քեզ էլ չանիծի, քու որդիքը պահի, մեծացնի։ Նրա տոնի օրը լավ մտքումդ տպավորի՛․ ի՞չ կանես Անի քաղաքի անունը․ նա քանդվեց, պրծավ, ամա սուրբը քեզ միշտ օգնական ու բարեխոս կըլինի։ Ղրաղին կանգնել ես, ձեռդ ծոցդ դրել, խելքդ ցնորվել, լեզուդ պապանձվել․ ո՞վ էսքան հրաշք տեսավ, վայելեց, երազ ես տեսնո՞ւմ, քնա՞ծ եմ, աչքս ինձ խաբե՞ց, ասում ես մտքումդ, ուշագնաց ըլում. հո նոր են սրանք, բաս

  1. աչքերս = աչքերիդ
  2. կենացողները = կենողներին
  3. քարերը = քարերն
  4. նալնած = նալչովը
  5. [էր]