Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/185

Այս էջը հաստատված է

կամ թերերեցն էին բերանը կոխում, գլխին, դոշին, քարով, փետով ծեծում, որ շուտ չմեռնին ու տանջվին։ Էլի Աղասին էր՝ որ էս կատաղությանը չափ դրեց․ սպանածներին դուս ածել տվեց ու որը սաղ էին, յա յարալու՝ ձեռ ու ոտք կապել տվեց ու ղրաղ քաշիլ տվեց։ «Աղա՛՝ մեր տուն քագող էսոնք են, էսոնց խոր տունը քագվի, էսոնք մեր ճիժը ու մանչ խտտացրին՝ թո՛րկ, թո՛րկ էսոնց սատանի կեր անենք, էսոնց խոր գաղտը գյոռբեգյոռ ըլի»։

Թո՛ղ կարթացողը ինքը միտք անի, թե էս գիշեր ի՛նչ գիշեր կըլեր էս ջրատար եսրների համար, որ ամեն մեկ ոտք փոխելիս՝ իրանց մահն էին տեսել, իրանց մահին էին սպասում։ Թե ի՞նչ սրտով նրանք աղոթք կանեին, ի՞նչ հոգվով իրար կնայեին ու Աստծուն փառք կտային։ Հենց էն կոտորելու ժամանակին էր Աղասին դուս թռել, էն դռան երկու Քրդի մնին էլ սպանել, մյուսը փախցրել ու խեղճ Հայի էրեխեքանց աչքերի ու ձեռների կապը իրան ձեռովը եդ արել, իրան ուսին ներս տարել։ Զարմացած, մահի դուռը գնացած ու եդ եկած Հայերը՝ որ աչքները բաց չարին, իրանց ազատողին տեսան, ուզում էին ոտներն արտասնքով լվանան, բայց համեստ պատանին հենց էն էր խնդրում, թե Աստծուն փառք տան, սուրբ Սարգսի անունն հիշեն։ Տեսնելով՝ որ Քրդստանցիք սուրբ Կարապետին ավելի են ճանաչում, ասեց՝ «թո՛ղ էդպես ըլի, սուրբ Կարապետին հիշեցե՛ք։ Սրբերը չե՛ն խռովիլ, յա նախանձ պահիլ․ ո՛վ ըլի՝ նրա զորությունն ու բարեխոսությունն շատ ա»։ Աղասու սիրտը վկայում էր՝ թե էն գիշերը էլ փորձանք չի կա․ բոլորին էլ խնդրեց, որ չոքին՝ աղոթք անեն․ նրանց բախտիցը եսրների միջումը տերտեր էլ կար, տիրացու էլ․ սրանք սկսեցին առավոտվան ժամը, ու Անի քաղաքը հազար տարուց ավելի որ ո՛չ ժամ էր տեսել, ո՛չ աղոթքի ձեն լսել, էս գիշեր հենց իմացավ՝ թե[1] իրանք երևելի շքեղ թագավորազունքը կրկին վեր են կացել, իրա հողն օրհնում, իրա ջուրն գովաբանում, որ Հայ ազգը էլ չհավատա՝ թե իրան Աստված էնպես ա անիծել, որ էլ մարդ չի կարող նրա միջումը կենալ։ Ո՛չ երկիրը քանդվեցավ, ո՛չ երկինքը փուլ էկավ, Քրդստանցիք իրանք[2] էլ էին մնացել զարմացած, թե էն ի՞նչ անճոռնի ասություն պետք է ըլեր, որ մինչև էն օրը սրտներում հաստատ տպավորել էին։

Առավոտը որ լուսացավ, Աղասու աչքը մնացել էր սառած։ Չէ՛ր իմանում՝ աչքին հավատա, թե ո՛չ։ Եկեղեցի, պարիսպ, բերթ, մինարեք էնքան նոր, էնքան պայծառաշեն ու անբնակ։ Կարթալ չէր գիտում՝ որ միտքը բերի, թե էս ի՞նչ քաղաք պետք է ըլի․ տերտերին որ չի կանչեց ու պատմությունն բացավ,43) խելքը գլխիցը թռավ։ «Վա՜յ իմ օրին, արևին․ մեր ազգն էսպես քաղաքներ ա ունեցել, էսպես մեծություն ու հմիկ ամենն էլ կորցրել, հարամու ձեռին գերի ա մննացել», ասեց հսկայն լալով։ Չէ՛, տեր հայր՝ մեզ Աստված ա բերել էստեղ, Աստված մեր թրին, մեր կռանը ղվաթ տվեց, որ մեկ գիշեր էսքան բաներ արինք․ էն Աստվածն էլ էնքան կարողություն ունի, որ մեզ միշտ հաջողի, հարամություն հո չենք անում, որ նա բարկանա, հարամու ոտն ենք կտրում, Աստուծո ստեղծվածը ազատում։

  1. [էն]
  2. իրենք = իրանք