Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/188

Այս էջը հաստատված է

Ապրիմ իմ արինս նրան մատաղ կանեմ,
Մեռնիմ հողիցն էլ միշտ նրան կօրհնեմ։

Կանգնել ես էդպես գլուխդ ամպին խփած
Ա՜յ խեղճ հալևոր, երեսդ փակած․
Ի՞նչ կըլեր՝ Մասիս ա՜խ դեռ աչքդ բաց,
Սրի չտայիր քո որդիքն էրված։

Արեգակն սկսել էր՝ որ մեր մտնի, մութն՝ էն ա՝ գետինը առավ։

Էսպես նստած սուգ էր անում մեր տարագիր Աղասին. ու իր ու մեր սև օրը լաց ըլում, որ հանկարծ աչքը ձորին ընկավ, աչքը սևացավ։ Հինգ հարիր ձիավորից ավելի՝ Թարաքյամա, Քուրդ Ղարսա դզիցը հազարից ավելի, քյուլֆաթ, մալ, իլխի, ոչխար առաջ էին արել ու վեր հատելով սարիցը ձորն արին՝ որ տանին Երևան, յա սպանեն, յա ծախեն, յա թուրքացնեն։ Շատին էնքան թակել, հետ էին ածել, որ ջանումն էլ թաղաթ չէ՛ր մնացել։ Ամեն մեկ ձիավոր մեկ ջահիլ տղա կամ աղջիկ գավակն էր առել, ձեռն ու ոտ հազրել՝ որ էն գիշերը յա նրանց անմեղ հոգին ապականի, յա սրի, կրակի ղուրբան անի։ Հենց նստած տեղիցը ընկերներին ուսուլով ձեռով արեց, որ տեղըներիցը չշարժին, ինքն էլ քարափնըվեր կուզը կուզ նրանց մոտ հասավ, որ հարամին չտեսնի, իր պատրաստությունը չանի։ Էնքան կացան՝ որ թշնամիքն էկան. գետի ղրաղին վեր էկան. թրըները, երեսները լվացին, նամազները արին ու իրանց Սադայելի նոքարներին հրամայեցին՝ որ ինչ բեզարած հալևոր պառավ մարդ ու կին կա՝ աչք ու ձեռք կապեն, բերեն իրանց առաջին չոքացնեն կարգավ, որ իրիգնահացն ուտեն պրծնին ու նրանց անմեղ գլուխը իրանց մուռտառ սրտին մատաղ անեն։

Էլ չթողին էլա, որ հեր ու որդի, յա մեր ու աղչիկ իրանց եդին բարովն ասեն, իրար մի համբուրեն, իրար մի օրհնեն, իրար մի փարվին. թրի ոռքով վեր հատելով հրամանը կատարեցին ու բերին ողորմելիքը իրար մոտ չոքացրին։

Աստված ոչ շհանց տա, ինչ նրանց քոռփա էրեխեքն անում էին. ջուրն էին ուզում ընկնիլ, քարերը պոկում գլխըներին էին տալիս, բողազները թրին դեմ էին անում, որ մեկ թողան էլա, իրանց հորը մոր երեսը, յա ձեռը համբուրեն. բայց շատի թևից որ չէին վեր քաշում, գետնին խփում, հենց էն սհաթը հոգին հետը յա դուս էր գալիս, յա էնպես բանհոգի մնում վեր ընկած, գետնին կպած։ Ողորմելի ծնողքն էն հալին էլի էն ասում, աղաչանք անում, որ որդիքը մեռնին, սրին, կրակին տան իրանց գլուխը ու իրանց հավատը չուրանան։ Էսպես հեռըվանց խոսալիս էլ էնպես էին խփում գլխըներին՝ որ աչքների լսին կրակ էր տալիս։

Ընչանք նրանք մեկ քանի ոչխար կմորթեին, կքերթեին, ու կրակը չաղ կըլեր, սար ու ձոր մութն առավ, մեր քաջ Հայերը թուր ու թվանք հազիր արին, չոքեցին, աղի արտասնքով իրանց աղոթքն արին, վեր կացան, իրար ճտով ընկան, իրար եդին բարովն ասացին, ձիանները թամքած մեկին պահ տվին, ու իրանք Աստուծո անունը տվին, ճամփու ընկան, ամա էնպես ճամփով, էնպես տեղով՝ որ ղուշը չէ՛ր իմանալ։ Հինգը մեկ կողմից գնաց, հինգը մյուսից, էն մնացած տասը հոգին էլ էնպես պետք է գային՝