Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/201

Այս էջը հաստատված է

սհաթն էր մնացել, որ բերդը հոգին տա, կենողները իրանց իրանց դուս էկան բրջերի գլուխն ու բալանըքերը ձեռըներին բռնած՝ ռայի էկան։ Քանի որ Երևան բինա էր ընկել, կարելի յա՝ թե էն օրը, էն տեսարանը, էն անունը չէր տեսել, չէր ճարել, որ էսօր տեսավ ու իմացավ։ Կարելի է՝ աշխարհք աշխարհքով դիպչի, ազգեր գան ու էլ եդ ոչնչանան, բայց քանի որ Հայի շունչն ու լեզուն կա, ե՞րբ նրանց մտքիցը կերթա էն ավետալից սհաթը, որ իշխանն Վարշավի, գեներալն Գրասովսկի մեր անմահ Ներսեսին հետըները՝ խաչ ավետարան ձեռին՝ մտան բերդը, որ Հայոց աշխարքի ազատության տոնը կատարեն։ Պետք է աշխարքումն էլ Հայի հոգի չըլի, որ իրանց փրկիչ Պասքովիչի անմահ հիշատակը արտասունքով ու լալով չհիշեն, իրանց աշխարքի հոր ու պահպանողի սուրբ անունը, որ հյուսիսի բերնիցը սկսած նրանց հոգսը քաշել, նրանց իր թևի տակն էր ուզում բերի, սրբությունի պես պաշտեն։ Կամիլլոս ղորդ ա՝ Հռովմ ազատեց, Սցիպիոն հռոմայեցվոց թուրը Աֆրիկումը ցցեց, Կեսար Գալլիա ու Բրիտանիս ոտի տակն առավ, Նապալեոն Իտալիո, Սպանիո և Եգիպտոսին ազատություն էր խոստանում, բայց ե՞րբ Հռովմայեցիք, Գալլիացիք, Եգիպտացիք՝ է՛ն սրտովը, է՛ն սիրովը իրանց ազատողներին կընդունեին, կպաշտեին, ինչպես Հայք, Հայք՝ որ առավոտն էին վեր կենում է՛ն էին աղաչանք անում Աստվածանից, րիգունն էին քնում, էն էր նրանց աչքի արտասունքը։ Մեծ էր հիրավի ու անմոռանալի Ռուսաց Փարեժ մտնիլը, բայց ե՞րբ գաղղիացիք էն հոգվովը իրանց բախտավորությունը կվայելեին, ինչպես Հայք էս արժանահիշատակ օրը։

Սալդաթի տուտը հենց բերդը մտավ թե չէ՛, հազար տեղից, հազար փանջարից լացն ու արտասունքը էլ չէին թողում, որ մարդի բերան բաց ըլի։ Բայց ով սիրտ ուներ, լավ էր տեսնում, որ է՛ն ձեռներն, է՛ն աչքերը որ քարացել, սառել երկնքին էին մտիկ տալիս, առանց խոսքի էլ՝ ասում էին, որ դժոխքի քանդվիլը մեղավորների համար էս գինը չէր ունենալ, ինչպես Երևանու բերդի առնիլը Հայերի համար։

Ինչպես բարեկամ, ինչպես երկնային ավետաբեր հրեշտակ՝ ազատության ու ողորմության պսակը ձեռին՝ մտավ[1] իշխանն Պասքևիչ սարդարի ամարաթը։ Նա անց կենալիս հազար տեղ տեսել էր ու արտասունքը բռնել, թե ինչպես էին ծեր, մանուկ, աղչիկ, պառավ՝ չէ՛ թե մենակ իր ոտը համբուրում, այլև շատը ընկնում էին սալդաթների ճտովն ու էնպես նվաղած, հոգին քաղված մնում։ Քանի Հայաստան իր փառքը կորցրել էր, քանի Հայք իրանց գլուխն էին թրի տեղ թշնամու ձեռք քցել, է՛ս օրը, է՛ս ուրախությունը չէին տեսել, չէին վայելել։ Էջմիածնա եպիսկոպոսունքը՝ որ բերդումը՝ հենց բռնի՛ր՝ մաշվել, ետին թելն էին ընկել, մեկ կողմից, շհարի ու Կոնդի քահանայք ու դպիրք մյուս կողմիցը՝ որ դուս չէկան՝ երեսները գետինը քսելով, էնպես գիտես՝ թե քաջն Վարդան նոր ա վեր կացել, Տրդատ նո՛ր ա գալիս Հռովմիցը, որ իրանց հայրենյաց աշխարքը կրկին ազատեն, նո՛ր լիս, նո՛ր կյանք իրանց ազգին տան։ Սցիպիոն Աֆրիկացի Կարթագինեի ծուխն ու էրված, քանդված ամարաթներն էր տեսնում,

  1. [Պաս<քևիչ>]